Արցախյան հակամարտության լուսաբանումն առցանց մամուլում

2019թ-ի մայիսի 1-ից 31-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնության ուշադրության կենտրոնում է եղել «Արցախյան հակամարտության» լուսաբանումն առցանց մամուլում։ Մշտադիտարկվել է 35 առաջատար կայք։ Դրանք ընտրվել են միջազգային անալիտիկ ծրագրերի միջոցով։

Նյութերի համար ընտրվել է 3 կատեգորիա՝ լուր / վերլուծություն / կարծիք

Բացի այդ, նյութերը սեգմենտավորվել են նաև որպես` բացասական / դրական / չեզոք

Բացասական են այն հոդվածները, որոնք չեն արտացոլում իշխանության ընտրած քաղաքականությունն ու գաղափարները, դրական են՝ իշխանական տեսակետներ ներկայացնող նյութերը, չեզոք են՝ բազմակողմանի կարծիք արտահայտող հոդվածներն ու պաշտոնական հաղորդագրությունները։

Նշված ժամանակահատվածում մշտադիտարկվել է 5175 հոդված

Գրաֆիկով (տե՛ս Գր. 1) ներկայացված է ընտրված կատեգորիաների և սեգմենտների արդյունքների համադրմամբ ստացված պատկերը։ Գրաֆիկը ներկայացնում է X և Y կոորդինատային առանցք, որտեղ հորիզոնական կոորդինատը սեգմենտն է (դրական/ բացասական/չեզոք), իսկ ուղղահայացը՝ կատեգորիան (լուր/վերլուծություն/ կարծիք)։ Հաշվարկների  ընթացքում դրական և վերլուծություն տարբերակիչները նշվել են (+) նշանով, բացասականը և կարծիքը (-) նշանով, չեզոքն ու լուրը (0) թվանշանով։

Արցախյան խնդրի շուրջ կարծիքները տարբեր են։ Գրաֆիկից հստակ երևում, թե որ լրատվականներն են ընդդիմադիր կեցվածք ընդունել, և որոնք են աջակցում իշխանությունների  քաղաքականությանը։ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները արցախյան հիմնախնդրի շուրջ  հիմնականում քննադատության են արժանանում փորձագետների կողմից։

Ըստ մամուլի հրապարակումների, Արցախի և Հայաստանի իշխանությունների միջև հակասություններ կան, որոնք արտահայտվում են և՛ պետական և՛ միջազգային մակարդակում։ Օրինակ՝ Առաջին Հանրապետության պաշտոնական միջոցառումներին Արցախյան իշխանությունները հրավիրված չէին։

Մերձիշխանական մամուլն անընդհատ հիշեցնում է խաղաղության պատրաստվելու թեզերի մասին, որոնք ընդդիմադիր գործիչները վտանգավոր են համարում և մատնանշում են թուրք-ադրբեջանական միասնական զորավարժությունները։

«Մեդիա Պաշտպան» նախաձեռնությունը կոչ է անում լրատվականներին Արցախյան զգայուն հարցում լինել զգոն, չտրվել մանիպուլյացիաների։  Վերլուծություններում առաջնորդվել պետական շահով, չսատարել իշխանական և ընդդիմադիր տեսակետներին ու մաքսիմալ օբյեկտիվ մոտենալ հարցին։

Հ.Գ. Մեդիա Պաշտպանը շարունակելու է ուշադրության կենտրոնում պահել իրադարձությունները, մասնավորապես, խոսքի ազատության դեմ ցանկացած ոտնձգություն ու կողմնակալ մոտեցումներ կարժանանան կոշտ գնահատականի։