Հորդորում ենք պահպանել լրագրողական էթիկայի սկզբունքները

«Ազատություն» ռադիոկայանի մայիսի 26-ի «Կիրակնօրյա վերլուծական Թամրազյանի հետ» թողարկումը նվիրված էր անցումային արդարադատությանն ու վեթթինգին: Հաղորդմանը հրավիրված էին   անցումային արդարադատության միջազգային կենտրոնի փորձագետ Ռուբեն Կարանզան, Իմ քայլը խմբակցության պատգամավոր, պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը և փաստաբան Տիգրան Եգորյանը:

Ակնհայտ էր անցումային արդարադատությունը և վեթթինգը քարոզելու միտում:  Հյուրերի կարծիքները  համընկնում էին, չկար հակադիր դիրքորոշում։ Այս ամենից բացի,  լրագրողը ուղղորդող հարցերով փորձում էր ստանալ նախընտրելի պատասխաններ:  Հիմնական շեշտադրումներն էին, որ անցումային արդարադատությունը պետք է վաղուց ներդրվեր և որ դա որևէ կերպ չի բխում միայն  Ռ. Քոչարյանի դատական որոշումից:

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը ևս մեկ անգամ հորդորում է «Ազատություն» ռադիոկայանին պահպանել լրագրողական էթիկայի սկզբունքները՝ տրամադրել անաչառ, դիրքորոշում չարտահայտող տեղեկատվություն և անկողմնակալ մեկնաբանություններ: