Հակադիր կողմի տեսակետը՝ անաչառ լրագրության կանոն

Հանրային հեռուստաընկերության մայիսի 23-ի եթերի մեծ մասը նվիրված էր դատական համակարգի շուրջ ընթացող քննարկումներին։ Լուրերի թողարկման երկու ռեպորտաժ քննադատության էր ենթարկում ներկայիս դատական իշխանությունը։ Մասնավորապես՝ «ՍԴ նախագահի պաշտոնը ստանձնելու իրավական կողմը» խորագրով ռեպորտաժում նշվում է, որ «Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահի պաշտոնին նշանակվել է Սահմանադրության խախտմամբ»: Ռեպորտաժում Սահմանադրական դատարանի անաչառության և անկողմնակալության հարցը կասկածի տակ դնողներն ուշադրություն են հրավիրում ՍԴ-ի նախագահի պաշտոնը ստանձնելու իրավական կողմին: (https://www.youtube.com/watch?v=LhpTxveD7bw)

Մյուս ռեպորտաժում («Գնահատականներ նախկին ՍԴ որոշումներին») ԽՍՀՄ տարիների քաղբանտարկյալներ Մերուժան Հովհաննիսյանն ու Վարդան Հարությունյանը նշել են, որ «ընտրական բողոքարկումների ժամանակ ՍԴ-ն մշտապես արտահայտվել է միակողմանի, օրվա իշխանության օգտին»: Նրանք պնդում են, որ անցումային արդարադատության իրականացումը մեր երկրում անհրաժեշտություն է: (https://www.youtube.com/watch?v=QrJZbPiZx8k)
Լրատվական թողարկման վերոնշյալ ռեպորտաժներից զատ, նույն թեմային է նվիրված նաև Պետրոս Ղազարյանի հարցազրույցը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի հետ, որն ամբողջությամբ կասկածի տակ էր դնում Գագիկ Հարությունյանի գործունեության իրավաչափությունը։ (https://www.youtube.com/watch?time_continue=609&v=FpeLXWnjGaU)
Այս հաղորդման ընթացքում Հանրային հեռուստաընկերության լրատվական հաղորդումների տնօրենը հիմնականում ունկնդրի կարգավիճակում էր, որի լռությունն ընդհատվում էր միայն համաձայնություն ցույց տվող արտահայտություններով։ Մինչդեռ, համաձայն անաչառ լրագրության կանոնների, եթե բացակայում է հակառակ կողմի տեսակետը լրագրողը պարտավոր է ներկայացնել այն կամ հարցադրումներ անել, որոնք կծառայեն իբրև ներկայացվող կողմի տեսակետի հակակշիռ։
Փաստորեն, հաղորդման շրջանակում, ինչպես վերոնշյալ տեսանյութերում, հնչում են բազմաթիվ մեղադրանքներ դատական իշխանության հասցեին։
«Մեդիա Պաշտպան»ը հորդորում է նման լուրջ պնդումներ և հայտարարություններ պարունակող ռեպորտաժներում և հաղորդումներում ապահովել հակադիր կողմի տեսակետը, այլապես կողմնակալ կարելի է համարել այն հեռուստաընկերության աշխատանքը, որը հանրային միջոցների հաշվին է ծավալում իր գործունեությունը։