Հավասարակշռության պահպանման պատրա՞նք

Վերջին տասնօրյակում Հայաստանի հանրային հեռուստաընկերության լրատվական ծառայությունը հրապարակում է այնպիսի ռեպորտաժներ, որոնցում հստակ ընդգծված քննադատություն է հնչում նախկին իշխանությունների հասցեին։ Վերջիններիս հետ կապված քաղաքական կամ իրավական գործընթացներում հիմնականում հնչում է հակառակ կողմի կարծիքը, այսպես օրինակ՝ մայիսի 8-ին Հանրային հեռուստաընկերության լրատվական և վերլուծական հաղորդումների տնօրեն Պետրոս Ղազարյանի հյուրն էր ՀՀ նախկին զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանը (https://www.youtube.com/watch?v=patp0IkMVm0), որը բացահայտ մեղադրանքներ էր հնչեցնում դատական համակարգի հասցեին՝ կասկածի տակ դնելով Սահմանադրական դատարանի որոշումները։

Ուշագրավ է նաև օրերս լրատվական թողարկման «Դատավորների ինքնաբացարկի հիմքերը» (https://www.youtube.com/watch?time_continue=28&v=xh-v6JaU9k4) խորագրով ռեպորտաժը, որում ներկայացվում է Սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ դատական գործընթացներից հրաժարված 4 դատավորի ինքնաբացարկ հայտնելու մասին: Ռեպորտաժում ներակայացված են միայն մեկ՝ ընդհանուր դիրքորոշում կիսող անձանց տեսակետները․ այսպես օրինակ, ՀԱԿ ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը պնդում է, որ «դատավորները սաբոտաժի են ենթարկում գործի քննությունը»։ Նույն ռեպորտաժում ներկայացված է նաեւ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանի տեսակետը, համաձայն որի՝ «երբեք չի եղել ժամանակաշրջան, երբ դատական համակարգը զգուշանա ոչ թե իշխանությունից, այլ՝ արդարադատության առջև կանգնածներից»:

Նախկին դատավոր Պարգև Օհանյանն էլ նշում է, որ «նախկին դատավորները նշանակվել են նախկին իշխանությունների կողմից», այդ է պատճառը, որ հրաժավում են նրանց դատել։ Պարգև Օհանյանը մայիսի 13-ին Պետրոս Ղազարյանի հյուրն էր։ Հաղորդման շրջանակում վերջինս կասկածի տակ է դնում ՀՀ Սահմանադրական դատարանի, մասնավորապես՝ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի որոշման իրավաչափությունը։ (https://www.youtube.com/watch?v=JilxeytbR2k)։

Անդրադառնալով Մարտի 1-ի գործով մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ դատական նիստին, նշենք, որ Առաջին ալիքի պատրաստած ռեպորտաժում ներկայացված է երկու կողմերի կարծիքն էլ, սակայն կա հավասարակշռության նկատելի խախտում (https://www.youtube.com/watch?time_continue=51&v=H5t-MNwf4fM): Այսպես օրինակ, խոսք է տրված Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդներին, ինչպես նաև ակտիվիստներին, որոնց տեսակետներում հնչում են խիստ մեղադրանքներ և կա սրան որպես հակակշիռ մեկ տեսակետ, այն է՝ «Մեր ընկերն անմեղ է, ես իրավունք չունե՞մ ասել, որ նա անմեղ է»։ Սա նման է հավասարակշռության պահպանման պատրանք ստեղծելու փորձի։

Այս ամենի հետ մեկտեղ, ուշագրավ է, որ երեկ Պետրոս Ղազարյանը հյուրընկալել էր ՀՀ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանին, որը հաղորդման շրջանակում ևս անդրադարձել է վերջին իրադարձություններին։ Այս հարցազրույցը կարելի է համարել վերոնշյալ «համընդհանուր տեսակետ»-ի միակ հակակշիռը։