Արարատ Միրզոյանը թույլ դիրքերից է հանդես գալիս

2019թ-ի մայիսի 1-10-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի անձին ու գործունեությանն առնչվող նյութերին։  Մշտադիտարկվել է ներհայաստանյան 34 առաջատար լրատվական կայք։

Նշված ժամանակահատվածում հայտարագրել է 488 հոդված, որոնցից 71-ը եղել է բացասական, 2-ը՝ դրական, 415-ը՝ չեզոք։

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի համար տասնօրյակը բարենպաստ չէր։ Մամուլում նրա վերաբերյալ բացասական հոդվածները բավականին մեծ տեղ են զբաղեցրել։ Հասարակությունը, մամուլը և նույնիսկ իր գործընկեր Սասուն Միքայելյանը չներեցին Արարատ Միրզոյանին ԱԺ նիստի ընթացքում՝ եռատոնը մոռացության տալու համար։ Այնուհետև մամուլը վերհիշեց Արարատ Միրզոյանի անցյալը։ Նա բացասական լույսի ներքո ներկայացվեց, նրան վերհիշեցին որպես հակառուսական հայացքներ ունեցող ակտիվիստ։

Այս տասնօրյակում Արարատ Միրզոյանը, ինչպես եւ իր գործընկերները, հայտնվեցին Նիկոլ Փաշինյանի ներկայացրած 100 փաստի հակափաստարկների շարքում։ Ընդդիմությունը նշում էր, որ նախորդ մեկ տարվա ընթացքում «իրականացվեց Արարատ Միրզոյանի երազանքը», վերջինս իր կնոջ հետ «մեղրամիս» անցկացրեց ԱՄՆ-ում։

Արարատ Միրզոյանի թիմը չի կարողանում չեզոքացնել բացասական քննադատությունները, որոնք ձեւավորվել են ԱԺ նախագահի անվան շուրջ։ Արարատ Միրզոյանն էլ իր հերթին, որպես ԱԺ նախագահ, դեռևս թույլ դիրքերից է հանդես գալիս, քանզի եռատոնը մոռանալը, դա ոչ թե իշխանական թիմի, այլ՝ սեփական անփորձության նշան էր։