Ո՞վ է խաբուսիկ հետաքննության պատվիրատուն. ինչու՞ էր Հ1-ն անդրադարձել

Հանրային հեռուստաընկերության մայիսի 4-ի «Լուրեր»-ի գլխավոր թողարկմանը տեղ է գտել ռեպորտաժ՝ «Հակակառավարական քարոզարշավի համակարգողները» (https://www.youtube.com/watch?time_continue=7&v=xbzqlQJOPHM) խորագրով։ ««Փաստերի ստուգման» անվան տակ գործող խմբերը սոցցանցերում արշավ են սկսել վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ»,- պնդում է Առաջին ալիքի լրագրողը՝ հղում անելով ամերիկյան Atlantic Council  վերլուծական կենտրոնի հրապարակած հետաքննությանը։

Համաձայն հետաքննության՝ ՀՀ վարչապետի և Կառավարության դեմ արշավի հետքերը տանում են Ռուսաստան: Հեղինակը նշում է, որ վերլուծական կենտրոնը նաև բացահայտել է, որ որոշ կայքեր ապատեղեկություն են տարածում՝ մոլորեցնելով հանրությանը: Ռեպորտաժում ներկայացված են իրենց իսկ բնորոշմամբ՝ «hակակառավարական քարոզարշավի 4 համակարգողները»։

Փաստորեն, երկրի գլխավոր հեռուստաընկերությունը այսօրինակ սուբյեկտիվ ռեպորտաժ է հեռարձակում «Լուրեր»-ի գլխավոր թողարկման ընթացքում՝ չներկայացնելով անգամ մյուս կողմի կարծիքը։ Մինչդեռ Հանրային հեռուստաընկերությունը պարտավոր է մշտապես անաչառ լրատվություն ներկայացնել հանրությանը, հատկապես, երբ այն գոյատևում է հանրային միջոցներով։