Նիկոլ Փաշինյանին դարձնում են արևմտամետ

Ամերիկյան հեղինակավոր Atlantic Council-ը մայիսի 3-ին մի հրապարակմամբ անդրադարձել է հասարակական ակտիվիստներ Նարեկ Մալյանի, Նարեկ Սամսոնյանի, Արթուր Դանիելյանի և Կոնստանտին Տեր-Նակալյանի կողմից Հայաստանում օրեր առաջ իրականացված #SutNikol ակցիային։

Atlantic Council-ի DRFLab-ը հաճախ չէ, որ անդրադառնում է Հայաստանում ընթացող գործընթացներին, նախորդ հրապարակումը եղել է ավելի քան մեկ տարի առաջ՝ հեղափոխության առաջին օրերին։ Հայաստանում մեծ հնչեղություն չունեցող այս ակցիային հեղինակավոր հանդեսի կատարած անդրադարձը զարմանալի է, սակայն առավել զարմանալի են այն մանիպուլյատիվ գործիքները, որն օգտագործել են հոդվածագիրները՝ իրենց համար անհրաժեշտ հետևությունը հրամցնելու համար։

Հոդվածում նշվում է, որ այս 4 հասարակական և մեդիա ակտիվիստները հասարակությանը մոլորեցնելու համար միակողմանի, կեղծ և պառակտող հայտարարություններ են տարածում քաղաքական զարգացումների մասին։ Հատկանշական է, որ այս հայտարարությունն ինքնին հիմնազուրկ է, և չի բերվում այդ պնդման որևէ ապացույց։

Դրա փոխարեն՝ հրապարակմանը լրջություն և գիտականանմանություն հաղորդելու համար օգտագործվում են իրադարձությանն անհարիր վիճակագրական ուսումնասիրություններ, ինֆոգրաֆիկա։ Տպավորություն է ստեղծվում, թե փորձագետներին մեծ դժվարությամբ է հաջողվել պարզել այս հասարակական գործիչների կողմից ղեկավարվող ինտերնետային կայքերի IP հասցեների գրանցման վայրը։

Ի վերջո, բերվող իրար հետ չառնչվող փաստերի ծխածածկույթի տակ առանձնացվում է երկու փաստ՝ Արթուր Դանիելյանը հանդես է գալիս Հայաստանում գարդասիլ դեղամիջոցի արգելման համար, իսկ դա, ըստ հոդվածագիրների, ռուսական թրենդ է, և Նարեկ Սամսոնյանի կայքի դոմեյնը գրանցված է Ռուսաստանում։ Atlantic Council-ի փորձագետներն այս երկու փաստի հիման վրա գալիս են տրամաբանության հետ առնչություն չունեցող հետևության՝ թե #SutNikol շարժումը ղեկավարվում է Ռուսաստանից։

Հայաստանում այժմ չկա ձևավորված քաղաքական ընդդիմություն, և այս վակուումից ելնելով՝  Atlantic Council-ի փորձագետների համար մեծ դժվարություն չի ներկայացնում այս 4 ակտիվիստների սահմանափակ գործողությունները կտրուկ գերագնահատել և մատուցել՝ որպես հասարակության վրա մեծ ազդեցություն ունեցող, իսկ նրանց՝ որպես հիմնական ընդդիմություն:

Համաձայն այս հոդվածի ընթացքում բերվող տրամաբանության, ընթերցողները պետք է գան հիմնական հետևության. ուրեմն Նիկոլ Փաշինյանի ընդդիմությունը ղեկավարվում է Ռուսաստանից։

Հոդվածը կարելի է համարել բավական հաջողված փորձ Նիկոլ Փաշինյանին դեպի արևմտամետություն թեքելու ուղղությամբ, մանավանդ, որ այս գործիքների դեպքում Արևմուտքը չի տրամադրում Հայաստանին անվտանգության որևէ երաշխիք, չեն տրվում նաև տնտեսական և այլ բնույթի դրդիչներ, այլ պարզապես հեղինակավոր պարբերականում տպագրվում են մանիպուլյատիվ հոդվածներ։ Անհրաժեշտ է հետևել այս գործընթացին, տեսնելու՝ արդյո՞ք այն կլինի շարունակական, այսինքն՝ սա փորձնական կրակո՞ց էր, թե՞ քաղաքական զարգացման բաղադրիչ։

Աղասի Ենոքյան

Սկզբնաղբյուրը՝ 168.am