«Մտահոգիչ է, որ «կեղծ լուրերի» դեմ պայքարի նպատակով օգտագործվում է անվտանգության ծառայությունը»․ RSF

«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության ամենամյա զեկույցում Հայաստանը մամուլի ազատության ցուցանիշով շուրջ 180 երկրների շարքում 61-րդն է։ 2019թ. սանդղակում Հայաստանն առաջընթաց է գրանցել 19 կետով՝ տարածաշրջանում մամուլի ազատության ինդեքսով զիջելով միայն Վրաստանին։

«Ուղիղ եթերի հեղափոխություն» խորագիրը կրող վերլուծության մեջ նշվում է, որ ՀՀ-ում նոր մեդիան 2018 թվականի գարնանը «Թավշյա հեղափոխության» համար ծառայել է որպես հիմք, որն իշխանության բերեց նախկին լրագրողի։

Ըստ զեկույցի՝ Հայաստանի մեդիա դաշտը բազմազան է, բայց բևեռացված, հիմնական հեռուստատեսային ալիքների քաղաքականությունը համընկնում է սեփականատերերի շահերին։

«Այլ խոսքերով, լրագրողական անկախությունն ու լրատվամիջոցի թափանցիկ սեփականատիրությունը շարունակում է լինել մեծ մարտահրավեր»,- ասվում է զեկույցում։

Ըստ դրա, ՀՀ նոր կառավարությունը պետք է փորձի վերականգնել թվային հեռուստատեսությանն անցնելու ժամանակաշրջանում կորսված հնարավորությունները, ինչը պարադոքսալ կերպով սահմանափակել է տարածաշրջանային հեռուստատեսությունների քանակը:

«Եվ պետք է ձեռնպահ մնա չարաշահումներից «կեղծ լուրերի» դեմ պայքարի փորձերի հարցում։ Մտահոգիչ է, որ այդ նպատակով օգտագործվում է անվտանգության ծառայությունը, ինչին հետևում է համացանցի օգտատիրոջ ձերբակալություն։ Հետաքննական լրագրությունը, որը ծաղկում է ապրում առցանց հարթակում, շատ լավ հնարավորություն ունի առանցքային դերակատարություն ունենալ կոռուպցիայի դեմ պայքարի համազգային հարթակում»,- ասված է զեկույցում։

Սկզբնաղբյուրը՝ 168.am