Առաջին տիկնանցից մինչև տրանսգենդեր կին․ մեկամսյակ՝լի անակնկալներով

Ավարտվեց կանանց մեկամսյակը։ «Մեդիա Պաշտպան» նախաձեռնությունը կրկին շնորհավորում է կանանց։
Այս ընթացքում ընթացքում մեր ուշադրության կենտրոնում են եղել քաղաքական կին գործիչները և ոչ միայն։ Մեր դիտակետում էին ՀՀ առաջին երեք տիկնայք (ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի եւ ՀՀ վարչապետի տիկնայք), կին պատգամավորներ և ՀԿ սեկտորի ներկայացուցիչ։
Մշտադիտարկման համար ընտրվել է 34 ներհայաստանյան առաջատար առցանց լրատվական։ Հրապարակվել է 1861 հոդված։ Արական սեռի քաղաքական գործիչների համեմատ կանանց վերաբերյալ հոդվածների ընդհանուր թիվը փոքր է։ Նշենք, որ մեկ ամսվա ընթացքում արական սեռի քաղաքական գործիչների անուններով հրապարակվել է ավելի քան 16 000 հոդված։
Այսպես, 1861 հոդվածներից 117-ում ներկայացվել է ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանի գործունեությունը։ Հասարակության մեջ և լրատվական դաշտում Նունե Սարգսյանն ունի դրական հեղինակություն։ Դրա մասին են վկայում նաև թվերը․ 117 հոդվածից 11-ը դրական է, իսկ 106-ը՝ չեզոք։
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կնոջ մասին հիմնականում քննարկումներ են ծավալվել համացանցում, այլ ոչ թե լրատվական կայքերում։ Գոհար Աբաջյանին անդրադարձել են 39 հոդվածներում։ Եթե համացանցում եղել են Գոհար Աբաջյանին սատարող գրառումներ, ապա լրատվականներում դրանք բացակայել են։ Հոդվածներից 26-ը չեզոք է, իսկ 13-ը՝ բացասական։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, ակտիվ քաղաքացիական գործունեություն է ծավալում և դրա արտացոլումը նկատելի է նաև լրատվականներում։ Հրապարակվել է 640 հոդված, հրապարակումներից 184-ը բացասական է, 124-ը՝ դրական, իսկ 332-ը՝ չեզոք։ Դրական և բացասական հոդվածները գրեթե հավասար են և դա վկայում է այն մասին, որ Աննա Հակոբյանն ունի հստակ կողմնակիցներ և քննադատներ։
Մեր ուշադրության կենտրոնում էր ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը։ Լենա Նազարյանի մասին հրապարակվել է 326 հոդված։ Բացասական հոդվածները 46-ն են, 10-ը՝ դրական է, իսկ 269-ը՝ չեզոք։ Հետաքրքրական է, որ Լենա Նազարյանն ի տարբերություն արական սեռի քաղաքական գործիչների, ովքեր իրենց կանանց պատճառով են կորցնում դրական հեղինակությունը, քննադատության է արժանանում իր ամուսնու՝ Նարեկ Բաբայանի գործունեության պատճառով։
ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը քաղաքական դաշտում հնաբնակներից է։ Նրա մասին հոդվածները մինչև սույն թվականի ապրիլի 5-ը հիմնականում չեզոք էին։ Տրանսգենդեր կին Լիլիթ Մարտիրոսյանի հետ ԱԺ-ում հայտնի միջադեպից հետո աճեցին թե՛ հոդվածների քանակը, թե՛ դրական եւ բացասական հոդվածները։ 643 հոդվածներից՝ բացասական է 35-ը, դրական՝ 33-ը, իսկ չեզոք՝ 575-ը։
Վերջին օրերին մենք դիտակետում էին պահում նաև տրանսգենդեր կին Լիլիթ Մարտիրոսյանին։ Նա առավել հայտնի դարձավ ԱԺ ամբիոնից իր ելույթից հետո։ 3 օրվա ընթացքում նրա մասին գրվել է 96 հոդված։ ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչները պայքար սկեցին ընդդեմ Նաիրա Զոհրաբյանի և այդ պայքարի արդյունքում ձևավորվեց 20 դրական հոդված, բացասական հոդվածների քանակը ուղիղ համեմատական է Նաիրա Զոհրաբյանի դրական հոդվածների քանակին՝ 33, իսկ չեզոք հոդվածները՝ 43-ն են։
«Մեդիա Պաշտպան» նախաձեռնությունը շարունակելու է հետևել կին գործիչներին նաև հաջորդ 11 ամիսների ընթացքում։