Ազատազրկված լրագրողների թիվը ողջ աշխարհում հասել է նոր ռեկորդային ցուցանիշի

Ողջ աշխարհում անազատության մեջ գտնվող լրագրողների թիվը հասել է նոր առավելագույնի։ Լրագրողների պաշտպանության կոմիտեի (CPJ) տվյալներով՝ ներկայումս իրենց մասնագիտական գործունեության պատճառով ճաղերի հետևում է լրատվամիջոցների 293 աշխատակից, ընդ որում՝ նրանց մեկ քառորդը միայն Չինաստանում և Մյանմարում։ Նախորդ տարի կազմակերպությունը արձանագրել էր 280 բանտարկված լրագրողի։

Կազմակերպության ղեկավար Ջոել Սայմոնը հայտարարել է, որ CPJ-ն արդեն վեցերորդ տարին շարունակ ողջ աշխարհում գրանցում է բանտարկված լրագրողների թվի առավելագույն ցուցանիշ։ Սայմոնը, իրենց մասնագիտական գործունեության պատճառով, լրատվամիջոցների աշխատակիցների բանտարկությունն անվանել է «բռնապետական վարչակարգերին բնորոշ հատկանիշ»։

CPJ-ի տվյալներով՝ չինական բանտերում ներկայումս գտնվում է 50 լրագրող։ Երկրորդ հորիզոնականում Մյանմարն է (26 լրագրող), այնուհետ Եգիպտոսը (25), Վիետնամը (23) և Բելառուսը (19)։ Ռուսաստանն 8-րդ հորիզոնականը կիսում է Սաուդյան Արաբիայի հետ։ Այդ երկրներում ազատազրկված է 14 լրագրող։

Հայաստանում մեկ լրագրող է մահվան հասցվել  քննչական մեկուսարանում։  Ընդունվում են հակալրագրողական օրենքներ, սահմանափակվում է խոսքի ազատությունը, խոչընդոտներ են  ստեղծվում լրագրողների մասնագիտական ​​աշխատանքի համար։

Կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ առաջին տասնյակում գտնվող երկրների՝ Թուրքիայի, Էրիթրեայի, Ռուսաստանի, Սաուդյան Արաբիայի և Իրանի առաջնորդները «պարբերաբար տեխնոլոգիաների և անվտանգության մասին օրենքներն օգտագործում են, որպեսզի ճնշեն այլակարծությունը և շարունակում անտեսել միջազգային նորմերը, առանց որևէ հետևանքների»։

CPJ-ի տվյալներով՝ 2021 թվականին աշխարհում սպանվել է լրատվամիջոցների 24 աշխատակից։ Մեքսիկան մնում է Արևմտյան կիսագնդում լրագրողների համար ամենավտանգավոր երկիրը։ Այնտեղ հաստատվել է լրատվամիջոցների երեք աշխատակիցների բռնի մահ, իսկ ևս վեց լրագրողի ենթադրյալ սպանությունների հետաքննությունը դեռ չի ավարտվել։ Լրագրողների պաշտպանության կոմիտեի կարծիքով՝ առկա ցուցանիշները «արտացոլում են ողջ աշխարհում անկախ լրագրողների նկատմամբ աճող անհանդուրժողականությունը»։