«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար մարմնի անդամ Սարգիս Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում հայհոյել է Մարդու իրավունքների պաշտպանին՝ աջակցություն հայտնելով լրագրողի նկատմամբ հարձակում գործած Բարձր տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանին։ Այդ հրապարակումը հավանել է «Իմ քայլի» պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը։
Հիշեցնենք, որ երեկ միջադեպ էր տեղի ունեցել լրագրող Փայլակ Ֆահրադյանի և նախարար Հակոբ Արշակյանի միջև, վերջինս բռունցքներով հարձակվել էր լրագրողի վրա՝ հասցնելով մարմնական վնասվածքներ, այդ թվում վնասվել էր նաև Փայլակ Ֆահրադյանի համակարգիչը։
«Մեդիա Պաշտպան» նախաձեռնությունը տարակուսում է, որ ՔՊ-ում փողոցային բարքերը շարունակվում են և իրավիճակը մեղմելու փոխարեն, վերջիններս հայհոյախառն գրառումներով փորձում են պաշտպանել Հակոբ Արշակյանին, իսկ այդ փողոցային պաշտպանությանը մասնակցում են նաև «Իմ Քայլը» դաշինքի պատգամավորնրը։
«Մեդիա Պաշտպան» նախաձեռնությունը փաստում է, որ իշխանությունները չեն ընդունում սեփական սխալները, ավելին շարունակում են խոսքի ազատության դեմ ագրեսիվ հարձակումները՝ հայհոյելով խոսքի և լրագրողների իրավունքների պաշտպանության համար ձայն բարձրացրած իրավապաշտպան կառույցին։
«Մեդիա Պաշտպան» նախաձեռնությունը ևս մեկ անգամ հիշեցնում է, որ սատարում է լրագրող Փայլակ Ֆահրադյանին, իսկ այս դեպքում նաև ՄԻՊ գրասենյակին․ փողոցային բարքերն անընդունելի են։