Ղարաբաղյան հակամարտության լուսաբանման ընդհանուր պատկերը արտասահմանյան առաջատար ԶԼՄ-ներում` հոկտեմբերի 22-ից 24-ը

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հոկտեմբերի 22-ից 24-ը հետևել է արտասահմանյան 5 առաջատար լրատվամիջոցի հրապարակումներին՝ պարզելու, թե ինչպես է արտասահմանյան մեդիան լուսաբանել Ադրբեջանի կողմից սանձազերծած գործողությունները։ Մասնավորապես, մշտադիտարկվել են «BBC», «CNN», «Reuters», «Associated Press» (AP) և «Deutsche Welle» (DW անգլալեզու տարբերակ) լրատվական գործակալությունների կայքերը։

BBC լրատվական գործակալությունը նշված ժամանակահատվածում հրապարակել  է 3 հոդված։ Լրատվականը հետաքննել է ադրբեջանցի հատուկ ջոկատայինների կողմից հայ ռազմագերիներին գերեվարելու, ապա սպանելու տեսանյութերը։ BBC-ն տեսանյութի առնչությամբ խոսել է բրիտանական ռազմական հետախուզության նախկին սպայի հետ: Նա ասել է, որ հիմքեր չի տեսնում ենթադրելու, որ տեսանյութը կեղծ է` չնայած նրան, որ ադրբեջանական կողմը տեսանյութն ակտիվորեն տարածելուց հետո փորձում էր հավաստիացնել, որ կեղծ է․ «Սրանք իրական փամփուշտներ են, սա իսկական սպանություն է, և ես հիմք չեմ տեսնում ենթադրելու, որ դա բեմադրված է», – ասել է սպան։

CNN լրատվական գործակալությունը 2 տեսանյութ է հրապարակել, որոնցից մեկը մերկայացնում է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը CNN-ի “Amanpour” հեռուստածրագրին:

Reuters լրատվական գործակալությունը նշված ժամանակահատվածում հրապարակել է 3 հոդված։ Լրատվամիջոցը անդրադարձել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ ԱԳ նախարարների հանդիպմանը, որը նոր փորձ է կանգնեցնելու «ըստ Պուտինի՝ 5000 մարդու կյանք խլած արյունահեղությունը»։

Associated Press լրատվական գործակալությունը նշված ժամանակահատվածում հրապարակել է 5 հոդված։ Լրատվականը գրել է, որ չնայած հրադադար հաստատելու ԱՄՆ միջնորդական ջանքերին, ռազմական գործողությունները շարունակվում են։ Լրատվամիջոցը նշում է, որ Լեռնային Ղարաբաղում մարտերը շարունակվում են, Հայաստանը և Ադրբեջանը մեղադրում են նոր հարձակումներ, ռազմական գործողություններ նախաձեռնելու մեջ, ինչն առաջացնում է Թուրքիայի և Ռուսաստանի կողմից հակամարտության մեջ ներքաշվելու վտանգ:

Deutsche Welle լրատվական գործակալությունը հրապարակել է 1 հոդված։ Գերմանական գործակալությունը ծավալուն հոդվածում անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների ԱՄՆ այցին։