Լրագրողը մեղադրվել է պատվերով հարցեր հնչեցնելու մեջ

Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ՀՀ ԱԺ պատգամավոր, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը մեղադրել է լրագրողներին՝ պատվերով հարցեր հնչեցնելու մեջ։ Այնուհետև մասնավորեցրել է, թե պատվերով հարցեր հնչեցնողներից մեկը Aravot.am կայքի լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանն է։

«Մեդիա Պաշտպան» նախաձեռնությունը ԲՀԿ նախագահ պրն. Ծառուկյանին և մյուս քաղաքական գործիչներին կոչ է անում զերծ մնալ անհիմն գնահատականներից և չվիրավորել լրագրողների մասնագիտական գործունեությունն ու աշխատանքը։ Լրագրողի մասնագիտական աշխատանքը հարցեր հնչեցնել է՝ անկախ նրանից, թե լրագրողների հարցերը քաղաքական գործիչներին դուր կգան, թե ոչ։

Քաղաքական գործիչներն իրենց հերթին իրավունք ունեն չպատասխանել հարցերին, եթե դրանք չեն վերաբերվում իրենց պրոֆեսիոնալ գործունեությանը և կապված չեն պատգամավորի անմիջական պարտականությունների հետ։