Քննադատությունների շարք՝ վարչապետի հասցեին

2019 թ-ի մայիսի 11-ից 20-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անձին ու գործունեությանն առնչվող հոդվածներին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 34 առաջատար լրատվական կայք։

Նշված ժամանակահատվածում հայտարարգրել է 3817 հոդված, որոնցից 1162-ը եղել է բացասական, 194-ը՝ դրական, 2461-ը՝ չեզոք։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ բացասական հոդվածները կրկին գերակշռում են։ Այս անգամ բացասական հոդվածների մեծ մասը հրապարակվել է երկու օրերի ընթացքում, երբ Փաշինյանը կոչ արեց փակել դատարանի մուտքերը։

Բազմաթիվ իրավաբաններ, կուսակցություններ, քաղաքական գործիչներ և միջազգային կառույցների ներկայացուցիչներ քննադատեցին այդ կոչը և դրան հաջորդած գործողությունները։ Իրավաբանները նշում էին, որ վարչապետը սահմանադրական կարգի տապալման է դրդել հասարակությանը։

Քննադատության արժանացավ նաև Փաշինյանի՝ Արցախին վերաբերվող հայտարարությունը։ Առհասարակ, այս տասնօրյակում Արցախի հիմնախնդրի հետ կապված քննարկումներում Նիկոլ Փաշինյանին ուղղված քննադատությունները գերակշռում էին։ Նշվեց նաև, որ վարչապետի և ԱՎԾ-ի՝ ՏՏ ոլորտի վերաբերյալ հրապարակված թվերը տարբերվում են։

Մամուլում քննդատության է արժանացել նաև Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխությունը, որի արդյունքում նա ազատ արձակվեց։ Փաշինյանը մեղադրվեց անսկզբունքային գործելաոճ դրսեւորելու մեջ։ Լրատվականները նշում են, որ տնտեսական ներդրումներ չեն իրականացվում, իսկ հասարակությունն անընդունելի է համարում Փաշինյանի թիմի սերտ հարաբերությունները LGBT համայնքի հետ։

Այսպիսով, այս տասնօրյակում վարչապետին քննդատել են թե՛ ներքին,  թե՛ արտաքին քաղաքականության համար, թե՛ դատական համակարգի դեմ ուղղված ճնշումների համար։