2020Թ. ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԱՄՆ ՊԵՏԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻ ԱՄԵՆԱՄՅԱ ԶԵԿՈՒՅՑ

ԱՄՆ Պետքարտուղարությունը հրապարակել է «Մարդու իրավունքների մասին» ամենամյա զեկույցը.
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը թարգմանաբար ներկայացնում է Հայաստանի մասին զեկույցի խոսքի ազատություններին վերաբերող հատվածը.
2020Թ. ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԱՄՆ ՊԵՏԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻ ԱՄԵՆԱՄՅԱ ԶԵԿՈՒՅՑ

Բաժին 2. Քաղաքացիական ազատությունների հարգանքը, ներառյալ՝

ԽՈՍՔԻ ԵՎ ՄԱՄՈՒԼԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ․

Սահմանադրությունը և օրենքը նախատեսում են խոսքի, այդ թվում՝ մամուլի ազատություն։ Թեպետ կառավարությունն ընդհանուր առմամբ հարգել է այդ իրավունքը, այն սահմանափակվել է կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ դրության և պատերազմի արդյունքում սահմանված ռազմական դրության պայմաններում:

Խոսքի ազատություն.

Անհատները ազատ են եղել քննադատելու կառավարությանը՝ առանց հաշվեհարդարի վախի: Ապրիլի 15-ին Ազգային ժողովը փոփոխություններ է կատարել քրեական օրենսգրքում`քրեականացնելով բռնության հանրային կոչերը: Խախտման համար սահմանվել է 50․000 կամ 100․000 դրամ տուգանք, մինչև 2 ամիս կալանք կամ ազատազրկում՝ մինչև 1 ամիս: Օրենքն ավելի խիստ էր պաշտոնյաների համար, որոնց դեպքում պատիժը պաշտոնավարելու իրավունքից զրկումն է եղել: Սեռական և գենդերային ինքնությունը օրենքով պաշտպանվող հիմքերի շարքում չի եղել։

Մամուլի և մեդիայի՝ ներառյալ առցանց լրատվամիջոցների ազատություն.

Արտակարգ դրության առաջին ամսվա ընթացքում, որը մտցվել է մարտի 16-ին `կորոնավիրուսի համաճարակը զսպելու համար, կառավարությունը սահմանափակումներ է դրել լրատվամիջոցների վրա՝ սահմանելով վարչական տուգանքներ համաճարակի վերաբերյալ այնպիսի տեղեկատվություն տեղադրելու կամ հրապարակելու համար, որը չի արտացոլում կառավարության պաշտոնական աղբյուրներից ստացված հաղորդագրությունները: Կառավարությունը հիմնավորել է այդ միջոցը, որպես անհրաժեշտության՝ կանխելու խուճապը և ապատեղեկատվության հնարավոր տարածումը՝ արտակարգ դրության պայմաններում: Արդյունքում, ոստիկանության աշխատակիցները մի շարք այցելություններ են կատարել տարբեր լրատվամիջոցների խմբագրություններ՝ տուգանքների սպառնալիքով նրանց ստիպելով հեռացնել որոշ հոդվածներ:

Լրատվամիջոցների ներկայացուցիչները, տեղական և միջազգային լրատվամիջոցների դիտորդական կազմակերպությունների հետ միասին, քննադատել են այդ քայլը: Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) ԶԼՄ-ների ազատության հարցերով ներկայացուցիչը հայտարարել էր. «Միայն իշխանությունների կողմից տրամադրված տեղեկատվության հրապարակումը խիստ սահմանափակ միջոց է։ Դա կսահմանափակի լրատվամիջոցների ազատությունը և կբերի տեղեկատվության անհամաչափ հասանելիության»: Նման տեսակետ էր հայտնել նաև «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը․ «Տեղեկատվության վերահսկողությունը չի օգնում համաճարակի դեմ պայքարին, հակառակը՝ տարածում է բամբասանք և վախ»։ Ապրիլի 13-ին կառավարությունը վերացրել է ԶԼՄ-ների ազատության՝ կորոնավիրուսով պայմանավորված բոլոր սահմանափակումները:

Սեպտեմբերի 27-ին սկսված ռազմական գործողություններից հետո, կառավարությունը հայտարարել է ռազմական դրություն: Ռազմական դրության սահմանափակումները ներառում էր պահանջ, համաձայն որի՝ տեղական լրատվամիջոցները և հեռարձակողները պետք է ռազմական գործողությունների վերաբերյալ տրամադրեն միայն պաշտոնական տեղեկատվություն։ Հոկտեմբերին ռազմական դրության մասին հրամանագրում տեղ գտան փոփոխություններ, համաձայն որոնց արգելվեց հրապարակել զեկույցներ, որոնք քննադատում են կառավարության գործողությունները՝ ուղղված հակամարտության կարգավորմանը, հերքում են պետական ​​և տեղական ինքնակառավարման մարմինների և պաշտոնյաների գործողությունները ռազմական դրության և պետության անվտանգության համատեքստում, և «այս կամ այն ձևով» վիճարկում են այդ գործողությունների արդյունավետությունը։

Ընդհանուր առմամբ, լրատվամիջոցներին պակասում էր քաղաքական կարծիքի բազմազանությունը և տեղեկատվության օբյեկտիվ ներկայացումը: Մասնավոր անհատներ կամ խմբեր, որոնց մեծ մասը կապված են նախկին իշխանությունների կամ ամենամեծ խորհրդարանական ընդդիմադիր կուսակցության հետ, տիրապետել են հեռարձակվող լրատվամիջոցների և թերթերի մեծամասնությանը․ դրանք հակված են եղել արտացոլելու իրենց սեփականատերերի քաղաքական հակումներն ու ֆինանսական շահերը: Հեռարձակվող լրատվամիջոցները, մասնավորապես՝ Հանրային հեռուստատեսությունը բնակչության մեծամասնության համար մնացել է նորությունների և տեղեկատվության հիմնական աղբյուրներից մեկը: Ըստ որոշ մեդիա դիտորդների՝ Հանրային հեռուստատեսությունը, որը տարվա ընթացքում ղեկավար կազմի փոփոխության ենթարկվեց, շարունակում էր նորություններ ներկայացնել կառավարական դիրքերից: Մի քանի անգամ անկախ լրատվամիջոցների փորձագետներ մտահոգություն են հայտնել Հանրային հեռուստատեսությամբ տեղեկատվության կողմնակալներկայացման դեպքերի առնչությամբ, պնդելով, որ նման կողմնակալությունը հատկապես ակնհայտ է եղել քննադատական բնույթ կրող ​​քաղաքական բանավեճերի և իրադարձությունների զարգացումների լուսաբանման ժամանակ: Այնուամենայնիվ, Հանրային հեռուստատեսությունը հիմնականում հավասարակշռված և բաց է եղել, հասանելի ընդդիմադիր ձայների համար և շարունակել է լուսաբանել հանրության հետաքրքրության ավելի բազմազան թեմաներ, քան մինչև 2018-ի հեղափոխությունը:

Սոցիալական մեդիայի օգտատերերը սոցիալական մեդիայի տարբեր հարթակներում ազատորեն արտահայտել են իրենց կարծիքը կառավարության և նախկին իշխանությունների վերաբերյալ: Սոցիալական մեդիայի կեղծ հաշիվների օգտագործումը և մեդիան շահարկելու փորձերը, այնուամենայնիվ, տարվա ընթացքում շարունակել են կտրուկ աճել: Ըստ մեդիա դիտորդների, մարդիկ օգտագործում էին մանիպուլյացիոն տեխնոլոգիաներ, ներառյալ հիբրիդային կայքեր, հակասական բլոգերներ, «տրոլների գործարաններ», անանուն Telegram ալիքներ և Facebook-յան մտացածին խմբեր ու պատմությունները՝ կառավարության վրա հարձակվելու համար: Ապատեղեկատվության տարածման շատ դեպքեր են գրանցվել հատկապես կորոնավիրուսին առնչվող թեմաների վերաբերյալ, ինչը հանգեցրել է մի շարք ամսագրերի և տեղական այլ կազմակերպությունների կողմից փաստերի ստուգման ավելի լուրջ ջանքերի ներդրման:

Երկրի մի քանի անկախ լրատվամիջոցներ, հիմնականում առցանց, ինքնուրույն չեն եղել և գոյատևել են միայն միջազգային նվիրատվությունների և աջակցության, գովազդներից և բաժանորդային վճարներից ստացվող սահմանափակ միջոցների շնորհիվ:

Մեդիաընկերությունների սեփանության հարցը հիմնականում թափանցիկ չի եղել: Հայաստանի Հանրապետության «Բաց կառավարման գործընկերության» նախաձեռնության (2018-2020թթ.) Երկրի Գործողությունների չորրորդ ծրագիրը ներառել է պարտավորություններ`սեփականության իրավունքի բացահայտումը բարելավելու ուղղությամբ: «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքին փոխարինած «Տեսալսողական լրատվամիջոցների մասին» հուլիսի 17-ի օրենքը չի խթանել սեփականության թափանցիկությունը:

Կառավարությունը պահպանել է թվային հեռարձակման մուլտիպլեքսի փաստացի մենաշնորհը, մինչդեռ ալիքների մեծ մասը ներկայացրել է նախկին կառավարության տեսակետները: Մոտ 10 մարզային հեռուստաընկերություններ փակման ռիսկի տակ են եղել՝ հեռուստալսարանի և գովազդի անկման պատճառով: Տեղական ԶԼՄ-ների դիտորդական տվյալների համաձայն, «Տեսալսողական լրատվամիջոցների մասին» հուլիսի 17-ի օրենքը իրատեսական ուղի չի ապահովել մասնավոր մուլտիպլեքսների ստեղծման համար, չի լուծել տարածաշրջանային հեռուստաընկերությունների թվային հեռարձակման հարցը և չի բարեփոխել հեռուստատեսության լիցենզավորման հնացած ընթացակարգերը:

Բռնություն և ոտնձգություն.

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, որը տեղական ՀԿ է, հաղորդել է տարվա առաջին ինն ամիսների ընթացքում լրագրողների նկատմամբ բռնության 2 դեպքի մասին: Մի դեպքում՝ հունիսի 16-ին, լրագրողները վիրավորվել էին ԱԱԾ շենքի մոտ տեղի ունեցած քաշքշուքի արդյունքում: News.am լրատվական կայքի թղթակից Լիանա Սարգսյանը, Tert.am- ի լրագրող Անի Գևորգյանը, Yerkir.am-ի թղթակից Թաթիկ Կոստանդյանը, «Կենտրոն» հեռուստաընկերության լրագրող Արթուր Հակոբյանը և MegaNews.am կայքի խմբագիր Մարգարիտա Դավթյանը հայտնել են, որ վնասվածքներ են ստացել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների՝ ԱԱԾ շենքի դիմաց բողոքի ցույցը լուսաբանելիս: Տեղական լրատվական կազմակերպությունները դատապարտել են իրենց մասնագիտական ​​պարտականությունները կատարող ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ բռնությունները և ոստիկանությունից պահանջել են հետաքննություն անցկացնել միջադեպի կապակցությամբ: Քանի որ իրադարձությունները տեղի էին ունենում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով սահմանված արտակարգ դրության պայմաններում, լրատվամիջոցների կազմակերպությունները հորդորել են լրատվամիջոցներին զերծ մնալ զանգվածային հավաքույթները լուսաբանելիս իրենց աշխատակիցների՝ ամբոխի առաջ ներկայանալուց, իսկ անհնարության դեպքում, տրամադրել նրանց անվտանգության հստակ ցուցումներ:

Եղել են դեպքեր, երբ ներկա կամ նախկին պաշտոնյաները խոչընդոտել են լրագրողների աշխատանքը կամ նման փորձեր են արել: Օրինակ ՝ օգոստոսի 8-ին նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը խոչընդոտել է «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության անձնակազմի աշխատանքը, որը աշխատում էր Սևանա լճի մերձակայքում ապօրինի կառուցված մասնավոր տների ապամոնտաժման մասին կառավարության ծրագրի մասին ռեպորտաժի վրա: Գասպարյանը, որն արդեն իսկ մեղադրվում էր պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, խարդախության և հափշտակություններ կատարելու մեջ, մեքենան վարել է իր տանը հարակից լճափնյա տարածքի մոտ նկարահանում իրականացնող լրագրողներին ուղղությամբ։ Գասպարյանը սպառնացել է լրագրողներին՝ ասելով «կրակեմ» և «կսպանեմ ձեզ»: Օգտագործելով էպիտետներ (մակդիրներ)՝ նախկին ոստիկանապետը լրագրողներից պահանջել է ռեպորտաժում չցուցադրել իր տունը: Ոստիկանությունը դեպքի առթիվ քրեական գործ է հարուցել՝ լրագրողական գործունեությունը խոչընդոտելու մեղադրանքով:

Հաղորդվում է, որ դեկտեմբերի 1-ին ոստիկանությունը միջամտել է լրագրողների աշխատանքին և փորձել է բերման ենթարկել «Երկիր մեդիա» հեռուստաընկերության օպերատոր Հայկ Սուքիասյանին`Հայաստանի և Ադրբեջանի միջև Ռուսաստանի միջնորդությամբ խաղաղության համաձայնագրի կնքման վերաբերյալ կառավարության որոշման դեմ բողոքի ցույցի ընթացքում:

Տեղեկություններ են եղել նաև իրավապահ մարմինների կողմից լրագրողներին վախեցնելու մասին: Օրինակ ՝ հուլիսի 3-ին ոստիկանությունն այցելել է նախկին կառավարության հետ փոխկապակցված «ԱրմՆյուզ» և «5-րդ ալիք» հեռուստաընկերություններ, ենթադրաբար՝ նրանց դեմ վարչական վարույթ հարուցելու նպատակով, քանի որ վերջիններիս աշխատակիցները եթերում դիմակ չեն կրել։ Լրատվամիջոցների դիտորդական խմբերը դատապարտել են նման գործողությունները՝ համարելով դրանք լիազորությունների չարաշահում, իրավապահ մարմիններին հորդորել են զերծ մնալ լրատվամիջոցների գործունեությանը միջամտելուց, հանդես են եկել լրատվամիջոցների նկատմամբ համաճարակով պայմանավորված սահմանափակումների թուլացմամբ, ինչպես նաև կոչ են արել լրատվամիջոցներին չխախտել արտակարգ դրության պահանջները՝ հաշվի առնելով դրանց դերը ինչպես հասարակության, այնպես էլ՝ իրենց իսկ աշխատակիցների առողջության պաշտպանության հարցում:

Վիրավորանքի/զրպարտության մասին օրենքներ.

ԶԼՄ փորձագետները տարվա ընթացքում նշել են օրենսդիրների, նախկին պաշտոնյաների և այլոց կողմից լրատվամիջոցների հասցեին վիրավորանքի և զրպարտության դեպքերի թվի նվազում: Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի համաձայն՝ տարվա առաջին ինն ամիսների ընթացքում դատարաններ է ներկայացվել 55 գործ:

 

ԱՄՆ Պետդեպարտամենտ

Մարդու իրավունքների փորձի վերաբերյալ երկրների զեկույցներ, 2020 թ. Հայաստան