Հանրային հեռուստաընկերության լրատվականը շրջանցում է խնդրահարույց թեմաները

Հանրային հեռուստաընկերության լրատվականը հունվարի 20-ի գլխավոր թողարկմանը չի ներկայացրել Մարդու իրավունքների պաշտպանի երկու հայտարարությունները։ Արման Թաթոյանը նշել էր, որ ընդունելի չէ Հայաստանի կառավարության մոտեցումն, ըստ որի՝ Ադրբեջանում պահվող հայ գերիների թիվը չի հրապարակվում, քանի որ հարցն ունի «գերզգայուն բնույթ»։ Ադրբեջանում պահվող հայկական կողմի գերիների թվի հրապարակմամբ հնարավորություն կառաջանա զգալիորեն մեծացնել միջազգային ճնշումն Ադրբեջանի նկատմամբ։ ՄԻՊ-ը հայատարարություն էր տարածել նաև Հայաստանի պետական սահմանների անվտանգության հետ կապված՝ նշելով, որ Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանների որոշման կամ ճշգրտման գործընթացն ուղեկցվում է իրավունքի գերակայության և մարդու իրավունքների կոպիտ խախտումներով։ Լրատվականը չի ներկայացրել Հանրային առողջապահության մասնագետների մտահոգությունները՝ կապված 2020թ-ի դեկտեմբերի 30-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշման հետ, որի հավելվածով նախատեսվում է բժշկական ծառայությունների համար ավելացված արժեքի հարկի գոյություն ունեցող արտոնությունների չեղարկում։ Նպատակը պետական բյուջե հարկային մուտքերի համալրումն է։ Մասնագետները պնդում են, որ որոշումը բազմաթիվ խնդիրներ առաջ կբերի։ Լրատվականը չի ներկայացրել դատարանի վճիռը՝ հօգուտ Յուրի Խաչատուրովի, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը մեկ ամսվա ընթացքում հեռուստաեթերում պետք է հերքի Յուրի Խաչատուրովի հասցեին ասված հայտարարությունները և 304 հազար դրամ վճարի։ Լրատվականը չի ներկայացրել ճանապարհների վիճակը, քաղաքապետարանից հայտնել էին, որ 300 աշխատակից ողջ գիշեր մաքրել են ճանապարհները, քաղաքացիներն էլ տեսանյութեր էին հրապարակել ճանապարհների անմխիթար վիճակից, վթարների պակաս չէր եղել։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունն արձանագրում է, որ հանրային միջոցներից ֆինանսավորվող հեռուստաընկերությունը պարտավոր է ներկայացնել ՄԻՊ հայտարարությունները, բացի այդ՝ հանրային հնչեղություն ստացած թեմաները։ Լրատվականի կողմից պարբերաբար փորձ է արվում շրջանցել խնդրահարույց թեմաները, ըստ էության, երկրում տեղի ունեցող իրադարձությունները ներկայացնելով միակողմանի։