Խոսքի ազատության սահմանափակումներ ՀԱՀ-ում

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը ներկայացնում է Հայաստանի ամերիկյան համալսարանի դասախոսի հեղինակած «Գրաքննություն և կոռուպցիա Հայաստանի ամերիկյան համալսարանում» խորագրով հոդվածը «Քալիֆորնիա Կուրիեր» թերթի համար։

(Խմբ. նշում. հեղինակի անունն իր իսկ խնդրանքով չի հրապարակվում: Չնայած «Քալիֆորնիա Կուրիեր» թերթի խմբագրական քաղաքականությանը՝ անանուն որևէ կարծիք չհրապարակելու մասին, մենք բացառություն ենք արել այս պարագայում ՝ հեղինակին հնարավոր վնասներից պաշտպանելու համար):

2020 թվականի դեկտեմբերի 16-ին Հայաստանի ամերիկյան համալսարանի քառասունհինգ դասախոսներ և անձնակազմի անդամներ, հայտարարություն են տարածել՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Հայտարարությունը ստորև՝

«Ելնելով Հայաստանի Հանրապետությունում տիրող քաղաքական, տնտեսական, սոցիալական և ռազմական  հետպատերազմյան ճգնաժամից և հիմք ընդունելով կառավարության պարտավորության կատարման ձախողումը՝ ապահովելու Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության անվտանգությունը, պաշտպանելու երկրի ինքնիշխանությունը, ազգային անվտանգությունը և պետական սահմանների անձեռնմխելիությունը, պատվելու պատերազմի հերոսներին և իրականացնելու ռազմագերիների պատշաճ կերպով փոխանակումը,  ինչպես նաև՝ մարտի դաշտից մահացած զինվորների աճյունների ժամանակին դուրս բերումը, տրամադրելու անհրաժեշտ աջակցություն առավելագույնը տուժած համայնքների ընտանիքներին, մենք՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի («ՀԱՀ») ներքոստորագրյալ դասախոսներս և աշխատակազմի ներկայացուցիչներս, միանում ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի և իր կառավարության անհապաղ հրաժարական տալու հանրային պահանջին։ (Ծանուցում` ՀԱՀ-ը ապաքաղաքական ուսումնական հաստատություն է։ Սույն հայտարարության մեջ ներառված տեսակետները ներքոստորագրյալների անհատական տեսակետներն են և չեն արտահայտում ՀԱՀ-ի բոլոր դասախոսների, աշխատակազմի ներկայացուցիչների կամ ՀԱՀ-ի տեսակետը)»:

Հայտարարությունը ստորագրել են ՀԱՀ հետևյալ աշխատակիցները՝ Աիդա Ավանեսյան, Աննա Ավետիսյան, Ադելաիդա Բաղդասարյան, Արշակ Բալայան, Գայանե Բարսեղյան, Դավիթ Դավիթյան, Վաչե Գաբրիելյան, Ռուբինա Գասպարյան, Մարգարիտ Գևորգյան, Լիլիթ Ղազարյան, Արփի Գրիգորյան, Արամ Հաջյան, Լուիզա Հարությունյան, Մարիամ Հարությունյան, Անի Հովհաննիսյան, Գարաբեթ Կազանջյան, Վարագ Գեթսեմանեան, Մարիամ Խաչատրյան, Սուրեն Խաչատրյան, Արթուր Լալայան, Սուրեն Մանուկյան, Լիլիթ Մարտիրոսյան, Նշան Մաթևոսյան, Շարիստան Մելքոնյան, Վահագն Միքայելյան, Լիլիթ Մինասյան, Նելլի Մինասյան, Վահե Մովսիսյան, Հովհաննես Նիկողոսյան, Վահե Օդաբաշյան, Վիկտոր Օհանյան, Արմինե Պետրոսյան, Լուսինե Պողոսյան, Դավիթ Քոչարով, Ռուբեն Սաֆրաստյան, Սիրանուշ Սահակյան, Թոմաս Սամուելյան, Կարեն Սարկավագյան, Լուսինե Շահմուրադյան, Ալբերտ Ստեփանյան, Զարեհ Ճգնավորյան, Վահրամ Տեր-Մաթևոսյան, Արմինե Վահանյան, Տաթև Զարգարյան, Սարգիս Զեյթունյան։

ՀԱՀ-ում անհանգստացնող միջադեպ է տեղի ունեցել՝ մեր ազգի պատմության աղետալի էջի ֆոնին: Անգամ ՀԱՀ-ը զերծ չի մնում Փաշինյանի քարոզչամեքենայից: Վերջերս, «Կարծիքի բազմազանություն» խաբուսիկ խորագրի ներքո, ՀԱՀ Նախագահը և Ռեկտորի ժամանավոր պաշտոնակատարը խոսքի ազատության դեմ արշավ սկսեցին: ՀԱՀ ղեկավարությունը հանդես եկավ աննախադեպ զգուշացմամբ՝ ուղղված ողջ պրոֆեսորադասախոսական կազմին, անձնակազմին և ուսանողական կառույցին՝ չարտահայտելու կարծիք, որին համալսարանում որևէ մեկը կարող է չհամաձայնել։ Սրա կեղծ հիմնավորմումն այն էր, որ դա կարող է վատ անդրադառնալ իրենց գործընկերների կամ համալսարանի հեղինակության վրա: Պահանջը չկատարելը կարող է հանգեցնել նկատողության կամ աշխատանքից ազատման. այլ կերպ ասած ՝ կա՛մ զբաղվեք ինքնագրաքննությամբ, կա՛մ վտանգեք ձեր աշխատանքը:

Կառավարությանը քննադատելու համար, ՀԱՀ-ի պրոֆեսորադասախոսական կազմին կարգապահական պատասխանատվության ենթարկելով, ՀԱՀ ղեկավարությունը վկայակոչեց համալսարանի ներսում և դրսում Փաշինյանի համառ կողմնակիցների ճնշումը, որոնք կազմակերպված հարձակում սկսեցին համալսարանի վրա` սպառնալով դադարեցնել նվիրատվությունները, որոնցից համալսարանը կախում ունի: Երբեմնի օրինակելի հաստատությունը մտավ քաղաքական շանտաժի մեջ և ցույց տվեց, որ Փաշինյանի դարաշրջանում ոչ մի կառույց ապահովագրված չէ կոռուպցիայից: Փաշինյանի թիմը, օգտագործելով իր «թավշյա ձեռնոցի մեջ երկաթե բռունցք» մարտավարությունը, իշխանության ղեկին մնալու համար ոչ մի բանի առջև կանգ չի առնելու:

Այս շարունակական գործողությունները պրոֆեսորադասախոսական կազմի և անձնակազմի դեմ, ներառյալ կառավարությանը քննադատելու համար աշխատանքից ազատման սպառնալիքները, վտանգում են ՀԱՀ հաստատության անկաշառելիությունը և խոսքի ազատության պաշտպանությունը: Նրանք զրոյական հանդուրժողականություն ունեն լուրջ քննադատության նկատմամբ և չեն կարող հրաժարվել իրենց որդեգրած մակերեսային մարտավարությունից: Ոչինչ անձեռնմխելի չէ, ոչինչ սրբազան չէ․ ո՛չ եկեղեցին, ո՛չ համալսարանները, ո՛չ սփյուռքի հաստատությունները, ո՛չ դասախոսները, որոնք չունեն քաղաքական հավակնություններ և պարզապես կոչում են իրերն այնպես, ինչպես տեսնում են ՝ ի շահ ճշմարտության և հանրային բարեկեցության:

Հայտարարությունը ներառում էր հետևյալ ծանուցումը՝ « ՀԱՀ-ը ապաքաղաքական ուսումնական հաստատություն է։ Սույն հայտարարության մեջ ներառված տեսակետները ներքոստորագրյալների անհատական տեսակետներն են և չեն արտահայտում ՀԱՀ-ի բոլոր դասախոսների, աշխատակազմի ներկայացուցիչների կամ ՀԱՀ-ի տեսակետը»: Հարկ է նշել, որ նմանատիպ նամակ էր շրջանառվել 2.5 տարի առաջ, առանց հրաժարականի պահանջի՝ ի պաշտպանություն Փաշինյանի, որը ստորագրվել էր պրոֆեսորադասախոսական կազմի մի քանի անդամների և որոշ աշխատակիցների կողմից: Դրան նման «հաշվեհարդար» չէր հետևել:

Այս ամենին հետևածին կարելի է միայն «օրուելյան» որակումը տալ:

Նախ, որոշ դասախոսներ զարմացան, որ իրենց գործընկերները համարձակվել են օգտվել խոսքի ազատության իրենց իրավունքից: Դա տարակուսելի պետք է լինի ՀԱՀ-ի նման  վայրի համար, որտեղ խոսքի ազատությունը ոչ միայն հարգված էր, այլև մինչ այս պահն առանցքային արժեք էր: Մեղադրողներից շատերն իրենց ներկայացնում էին իբրև  «ազատականներ և քաղաքացիական հասարակության աջակիցներ»: Այնուամենայնիվ, շուտով պարզ դարձավ, որ այն, ինչ սանձազերծվեց նրանց դեմ, որոնք համարձակվել էին իրենց կարծիքը հայտնել, ոչ այլ ինչ էր, քան համակարգված գրոհ՝ ՀԱՀ նոր ղեկավարության կողմից:

Ռեկտորի կինը միտումնավոր խառնաշփոթ առաջացրեց ՝ կատարելով իրեն տրված առաջադրանքը և չարաշահելով իր դիրքը համալսարանի ֆակուլտետի խորհրդում ՝մի շարք վիրավորանքների, վարկաբեկումների, կեղծ մեղադրանքների և զրպարտությունների միջոցով, որոնք ուղղված էին հայտարարության 45 ստորագրողների, ինչպես նաև նրանց դեմ, որոնք համարձակվել էին պաշտպանել ստորագրողների խոսքի ազատությունը: Ամբողջ այս կոպիտ և երբեմն անգամ անտաշ հաղորդակցումը տեղի էր ունենում ֆակուլտետի խորհրդի երկու տասնյակ անդամների առջև, իսկ Համալսարանի հաղրոդակցության տնօրենը և Նախագահը լուռ թույլ էին տալիս վիրավորել իրենց գործընկերներին:

Համալսարանի ղեկավարությունը չի տարածել ո՛չ ներքին, ո՛չ էլ արտաքին հաղորդագրություն` բոլորին հիշեցնելով, որ այդ մարդիկ պարզապես օգտվել են իրենց խոսքի ազատության իրավունքից՝ որպես անհատ, չեն խոսել համալսարանի անունից և որևէ քաղաքականություն չի խախտվել: Փոխարենը, ղեկավարությունը անցավ խոսքի ազատությունը ճնշողների կողմը: Իրենց իսկ ընդունմամբ, նրանք արտաքին ճնշում են զգացել՝ վտանգելով համալսարանի անկաշառելիությունն ու մտքի և արտահայտման անկախությունը:

Անգամ ՀԱՀ-ն ապահովագրված չէ կոռուպցիայից:

Ավելին, համալսարանի ղեկավարությունից որևէ մեկը չի նախատել զրպարտիչ և սպառնացող սանձարձակություն հրահրողներին, որոնք մարդկանց ինքնարտահայտման իրավունքը գրաքննելու փորձեր էին կատարում: Շատ ձեռնտու է, երբ Ռեկտորի կինը աշխատանքի է անցնում «փաթեթային գործարքի» արդյունքում,   իսկ ներկայիս Ռեկտորը նշանակվում  Հումանիտար և հասարակական գիտությունների ֆակուլտետի դեկան: Այնուհետև շտապ ստանձնում ռեկտորի ժ/պ-ի պաշտոնը՝ չնայած ՀԱՀ-ում 6 ամսից պակաս դեկան աշխատած լինելուն․  նախկինում շատերը՝ ՀԱՀ-ի ընտանեվարության դեմ քաղաքականության հիման վրա  մերժվել էին պրոֆեսորադասախոսական կազմում ընդգրկվել ուց, միայն այն պատճառով, որ վերջիններիս ազգականը աշխատում էր ՀԱՀ-ի այլ բաժնում: Ըստ ամենայնի, կա չգրված երկակի ստանդարտ: Նման կոռուպցիան թույլատրելի է, եթե մեկը «օտարերկրյա աշխատող» է, և ՀԱՀ-ում ընդունելի է էթիկայի կանոնների ընտրողական կիրառումը` ելնելով ազգային խտրությունից:

Եթե ​​այս ամենը տարօրինակ էր, անհանգստացնող և անհավատալի, բայց կարող էր անտեսվել անիրավունակության և/կամ կոռուպցիայի պատճառով, ապա՝ տեղի ունեցածն աննախադեպ էր: Այժմ մենք ականատես ենք լինում Հայաստանի, նախևառաջ՝ սփյուռքի ինստիտուտներից մեկի ոչնչացման լկտի, միտումնավոր, կանխամտածված և շարունակական փորձին:

Պրոֆեսորադասախոսական կազմի այն անդամները, որոնք՝ որպես անհատ և ոչ որպես ՀԱՀ աշխատակից, համարձակվել էին ստորագրել հայտարարությունը, մեկ առ մեկ կանչվել էին նախագահի աշխատասենյակ՝  նվաստացնելու, ազատ խոսքը ճնշելու, նրանց որևէ քայլի կամ հրաժարականի դրդելու մտադրությամբ: Սփյուռքի բարձրագույն ուսումնական հաստատության ստոր զավթումը գործող նախագահի և ռեկտորի կողմից (և՛ համալսարանի ներսում, և՛ դրա սահմաններից դուրս գտնվող նրանց տերերի կողմից) հնարավոր չէ անտեսել։ Չնայած զոհերից մեկը նախընտրում է ստվերում մնալ ՝ հաշվի առնելով «օրուելյան» պայմանները, որում նա փորձում է աշխատել, ես ՝ որպես մարդու իրավունքների պաշտպան, չեմ կարող լռել: Հայաստանը չպետք է վերածվի ավազակապետության, և ոչ ոք չպետք է արդարացնի գրաքննություն և սպառնալիքներ այնպիսի հաստատության աշխատակիցների նկատմամբ, ինչպիսին է ՀԱՀ-ը, չնայած նրանց համոզմանը (կամ իրենց տերերի պատվերին), որ Փաշինյանը պետք է անձեռնմխելի լինի, ինչպես Կիմ Չեն Ընը:

Ես վախենում եմ իմ աշխատանքի համար: Ես վախենում եմ իմ ղեկավարի աշխատանքի համար: Նա ծրագրի ղեկավար է և պատասխանատու է ինձ պես օժանդակ աշխատողներ ընդունելու համար: Համալսարանի առաքելության համաձայն՝ ՀԱՀ-ը «բազմազանության կենտրոն» է: Ակնհայտորեն, ՀԱՀ-ը զավթողների հրամանով՝ Կառավարությանը քննադատող կարծիքը ոչ միայն անցանկալի է, այլ նաև աշխատանքից կզրկի ձեզ: Հաջորդը կարող է լինել ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության ոգեկոչման արարողությանը մասնակցելը մերժելը․ երթ, որին համալսարանը մասնակցում էր 30 տարի շարունակ՝ հիմնադրման առաջին իսկ օրվանից: Ղեկավարության և գործընկերների կողմից վրեժխնդրության վախի այնպիսի մթնոլորտ է, որ ոչ մի գործընկեր ռիսկի չի դիմել բարձրաձայնել  ցանկացած առողջ գիտական համայնքի կողմից ընդունված անվիճելի նորմը՝ «Չնայած համաձայն չեմ ընդունված կարծիքին, ես հարգում եմ իմ գործընկերոջ ` իմ կարծիքից տարբերվող կարծիք ունենալու իրավունքը»:

Այս հոդվածը տեղադրված է նաև «Քալիֆորնիա Կուրիեր Մեդիում» էջում: