Շարունակելու ենք արձանագրել լրագրողների և լրագրողական համայնքի ներկայացուցիչների իրավունքների յուրաքանչյուր խախտում

«Հրապարակ» օրաթերթի լրագրող Վահե Մակարյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է «Մեդիա պաշտպան» նախաձեռնության վերջին հրապարակմանը, որում՝ հավատարիմ մեր սկզբունքներին և լրագրողների իրավունքների պաշտպանության առաքելությանը, աջակցություն էինք հայտնել լրագրողին։ Մակարյանը ֆեյսբուքյան իր գրառման մեջ շնորհակալություն է հայտնել նախաձեռությանը մշտապես լրագրողների կողքին կանգնած լինելու համար, հավելելով, որ իրեն տվյալ դեպքում տուժող չի համարում և ցանկալի չէ այդ թեմայի շուրջ որևէ շահարկում։ Ցանկանում ենք տեղեկացնել, որ մեր հրապարակումը շահարկման որևէ նպատակ չի ունեցել, հակառակը՝ ինչպես այս, այնպես էլ մնացյալ այլ դեպքերում մեր կոչերն ուղղված են բացառապես լրագրողների և պետական պաշտոնյաների միջև փոխըմբռման հաստատմանը։ Հրապարակված տեսանյութից այնպիսի տպավորություն էր, որ Ալեն Սիմոնյանը ճեպազրույցի սկզբում լրագրողների նկատմամբ անհարգալից վերաբերմունք է ցուցաբերում՝ մասնավորապես թիրախավորելով «Հրապարակ» օրաթերթի լրագրողին։ Մեդիային առնչվող խնդիրները երբևէ մեր կողմից չեն դիտարկվել անձնական հարաբերությունների հարթությունում, այլ՝ իշխանություն/քաղաքական ինստիտուտներ-մեդիա հարաբերություններ համատեքստում։
Շարունակելու ենք արձանագրել լրագրողների և լրագրողական համայնքի ներկայացուցիչների իրավունքների յուրաքանչյուր խախտում։