Հանրայինը շարունակում է աշխատել նույն ոճով: Իշխանություններին ոչ հաճո լուրերը չեն ներկայացվում

Հանրային հեռուստաընկերության լրատվականը շարունակում է շրջանցել հանրային հնչեղություն ստացած շատ թեմաներ: Մասնավորապես, դեկտեմբերի 24-ին չի ներկայացվել խորհրդարանում  սահմանամերձ համայնքների խնդիրների վերաբերյալ ԲՀԿ-ի կազմակերպած քննարկումը, որին իշանությունը հրաժարվել է մասնակցել: Լրատվականը չի ներկայացրել, որ վարչապետի հրաժարականի պահանջով քաղաքացիները փակել են Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկը: Ակցիայի մասնակիցներից ոմանք բերման էին ենթարկվել: Լրատվականը չի ներկայացրել, որ ՀՅԴ ներկայացուցիչ, Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը կրկին հրավիրվել էր  հարցաքննության: Լրատվականը չի հայտնել, որ 20 իրավաբան դիմել էր գլխավոր դատախազին՝ պահանջելով պետական դավաճանության հիմքով քրեական գործ հարուցել Նիկոլ Փաշինյանի դեմ: Փաստաբաններն իրենց դիմումի մեջ նշել էին բոլոր այն հիմքերը, ըստ որոնց պետք է հարուցվի քրեական գործը: Օրինակ, GPS-ով պետական սահման գծելը, կամ տարածքային ամբողջականության ապօրինի խախտումը Սյունիքի մարզում: Ավելի ուշ դիմումին միացել էր 68 փաստաբան: Դեկտեմբերի 24-ին հաջորդած օրերին ևս որոշ թեմաներ չեն ներկայացվել, իսկ վարաչապետի հրաժարականի պահանջով ցույցերը թեև ներկայացվել են, բայց ոչ ամբողջական:

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունն անընդունելի է համարում հանրային միջոցներից սնվող հեռուստաընկերության գործելաոճը: Կրկին կոչ ենք անում լրատվականին  քաղաքացիներին լիարժեք տեղեկացնել երկրում տեղի ունեցող իրադարձությունների մասին՝ հավասարապես ներկայացնել երկու կողմում տիրող պատկերը: Այս լարված շրջանում կոչ ենք անում ավելի չապակայունացնել իրավիճակը՝ թաքցնելով հանրային հնչեղություն ստացած կարևոր թեմաներ: