Հանրային հեռուստաընկերության լրատվականը չի անդրադարձել մի շարք թեմաների

Հանրային հեռուստաընկերության լրատվականը դեկտեմբերի 23-ի գլխավոր թողարկմանը չի ներկայացրել, որ Սյունիքում՝ Որոտան գետի ափին տեղադրվել է Ադրբեջանի դրոշը, տեղակայվել են ադրբեջանցի զինվորներ, զինված թշնամին մտել է բնակիչներից մեկի տուն ու պարտադրել, որ հեռանան։ Լրատվականը չի ներկայացրել Էդմոն Մարուքյանի ասուլիսը։ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավարը հայտարարություն էր տարածել Սյունիքի մարզին պատուհասած անվտանգային մարտահրավերներին դիմակայելու վերաբերյալ։ Մասնավորապես, առաջարկել էր Ռուսաստանի հետ խորացված ռազմաքաղաքական փոխգործակցության պայմանագիր կնքել, որում պետք է հատուկ տեղ գրավի Սյունիքի մարզի անվտանգությունը։ Լրատվականը չի ներկայացրել, որ Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը հրավիրվել է քննչական կոմիտե՝ հարցաքննության։ Նա նույնպես միացել է վարչապետի հրաժարականի պահանջին։ Երեկ շենքի բակում էին հավաքվել մեծ թվով աջակիցներ։ Քննչական կոմիտեի բակում հավաքվածների ու ոստիկանների միջև միջադեպ է գրանցվել։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունն անընդունելի է համարում հանրային միջոցներից ֆինանսավորվող Հանրային հեռուստաընկերության գործելաոճը։ Հանրային հնչեղության ստացած կարևոր իրադարձություններին լրատվականը պարտավոր է անդրադառնալ։