Ես սիրում եմ ընդհատել․ Պետրոս Ղազարյանի խոստովանությունը

Հանրային հեռուստաընկերության եթերում դեկտեմբերի 20-ին Պետրոս Ղազարյանի հյուրերն էին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը, «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ Միքայլել Նահապետյանը, «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը, «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Նարինե Դիլբարյանը։ Թեման՝ կուսակցությունների մասին օրենքի բարեփոխումն էր։ Մեկնաբանն ընդհատում էր հյուրերին, հայտնում իր տեսակետը։

Դիմելով «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավորին՝ մեկնաբանն ասաց․ «Հիմա քաղաքական ճգնաժամ է և մարդիկ առաջարկում են այլընտրանք գործող իշխանությանը։ Ըստ տրամաբանության, ձեր կուսակցության թեկնածուն պետք է ավելի առաջնային լիներ, քան Վազգեն Մանուկյանը, որովհետև դուք խորհրդարանական ուժ եք, նրանք ոչ, բայց նրանք ունեն շատ փող և ունեն շատ մեդիառեսուրս, դուք չունեք որևէ մեդիառեսուրս և համարյա չունեք փող և հիմնական թեկնածուն իրենք են»։ Այնուհետ դիմելով Նարինե Դիլբարյանին ասաց․ «Ես ուզում եմ խոսեմ Ժառանգության մասին, կար Րաֆֆի Հովհաննիսյան, որը փողեր ուներ ինչ-որ և խարիզմա, նա հասավ ինչ-որ հաջողության, գնաց Րաֆֆի Հովհաննիսյանը, էսօր Ժառանգությունը մեր քաղաքական կյանքում գրեթե չկա, որովհետև դուք եք և չունեք փող»։ Տիկին Դիլբարյանը փորձեց պատասխանել․ «Խնդիրը այն է, որ ես ոչ միայն փող չունեմ, երբ ես եկա կուսակցություն․․․»։ Պետրոս Ղազարյանն ընդհատեց․ «Արդեն փող չկար», «Կա փող կա կուսակցություն, չկա փող չկա կուսակցություն»։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանն անդրադարձավ ֆինանսականի մասին հարցին, որից հետո մեկնաբանը շարունակեց․ «Խնդիրը միայն ֆինանսը չի, Հայաստանում ցավոք սրտի կուսակցական գործունեություն ատահայտությունը վարկաբեկված է, այն ասոցացվում է քծնանքի, վատ իմաստով կարիերիզմի և դեբիլի դեմքով կրկնելու էն, ինչ իրենց ղեկավարն ասել է։ Կուսակցականությունը չփացնում է մարդուն»։ Նարինե Դիլբարյանն ընդհատեց․ «Բայց բոլորին չի փչացնում Պետրոս, ինչո՞ւ եք ընդհանրացնում»։  Մեկնաբանը պատասխանեց․ «Տիկին Դիլբարյան, ձեր մոտ կուսակցություն չկա, հլը մի քիչ իշխանության կտոր ունեցեք, նույն պատմությունը ձեր մոտ ա լինելու, բոլորը գնացին, մնացիք դուք հպարտ մենության մեջ»։ Իշխանական պատգամավորը վրդովվեց պատասխանելիս՝ ասելով․ «Ես չեմ սիրում ընդհատել», «Ես սիրում եմ ընդհատել» հեգնեց Պետրոս Ղազարյանը։