Պետրոս Ղազարյանն ընդհատում էր հյուրին, հեգնում՝ թույլ չտալով ավարտել միտքը

Հանրային հեռուստաընկերության եթերում դեկտեմբերի 18-ին Պետրոս Ղազարյանի հյուրը Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ, նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանն էր։ Վերջինիս կուսակցությունը 16 կուսակցությունների շարքում է։ Պետրոս Ղազարյանը էմոցիոնալ էր, պարբերաբար ընդհատում էր հյուրին, թույլ չէր տալիս ավարտել միտքն ու հեգնում էր։

Խոսրով Հարությունյանը խոսում էր փաստերով ու հիշեցնում վարչապետի պատերազմի ընթացքում արված հայտարարությունները․ «Վարչապետը կառավարության նիստում հայտարարեց, որ Հայաստանի հետ ուժի լեզվով խոսելը հեռանկար չունի։ Սա հայտարարվեց այն ժամանակ, երբ ինքը տեղյակ էր, թե ինչ է տեղի ունենում գոնե իր գլխավոր շտաբի պետի զեկույցի հիման վրա։ Հաջորդը ՝ ես պատրաստ եմ զոհվելու իմ հայրենիքի համար, եթե նույնիսկ մենք պարտվենք, ապա մենք չենք ընդունելու, որ մենք պարտվեցինք։ Ես միշտ հետևել եմ պաշտոնական լրահոսին՝ հաղթելու ենք և հաղթում ենք, ես հավատացել եմ դրան»։

Պետրոս Ղազարյանը ասաց․ «Ընդդիմությունը հազար ալիք ուներ իամնալու, թե իրականում ինչ է  կատարվում»։ Խոսրով Հարությունյանը պատասխանեց․ «Ամսի 10-ի արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպումից հետո, ընդդիմությունը մի հայտարարություն արեց՝ մենք առաջարկեցինք վարչապետին ձևավորել օպերատիվ կառավարման շտաբ՝ ներգրավվելով նախկին կարող ուժերին՝ այդ թվում վարչապետներին, սա նշանակում էր, որ մենք շատ լավ հասկանում էինք իրավճակի ողջ բարդությունը և առաջարկում մեր աջակցությունը, դրանով իսկ մենք պատրաստակամ էինք ստանձնել նաև էն քաղաքական պատասխանատվությունը կամ կիսել  այն, որ կրում էր  վարչապետը։ Վարչապետն այսքանից հետո երկու բան պետք  է աներ՝ ներողություն խնդրեր, որ իր մոտ չստացվեց, հրաժարական տար՝ դրանով նպաստավոր պայմաններ ստեղծեր, որ հետագա ներքաղաքական  զարգացումները բնականոն հունով զարգանան։ Պետք էր ռազմական գործողությունները դադարեցներ ոչ այսչափ կործանարար, էլ չեմ ասում  նվաստացուցիչ պայմաններով»։

Այնուհետ Խոսրով Հարությունյանը թվարկեց Նիկոլ Փաշինյանի իշխանության ձախողումները։ Պետրոս Ղազարյանն ընդհատեց․ «Նախկին իշխանություններն էին ձախողել, էդ էլ ասեք»։ Մեկնաբանը պնդեց, որ Փաշինյանը կոռուպցիայով չի զբաղվել։ Քաղաքական գործիչը զարմացավ․ «Կոռուպցիայով չի զբաղվել, Նիկոլ Փաշինյանի ժամանակ համակարգված կոռուպցիան ստացել է լեգիտիմ հնարավորություն»։ Մեկնաբանը հեգնեց․ «Լուրջ եք ասում»։ Խոսրով Հարությունյանը շարունակեց․ «Ասացեք խնդրեմ՝ մեկ աղբյուրից գնումներ, դա կոռուպցիոն դրսևորում է՞, թե ոչ»։ Մեկնաբանը պատասխանեց․«Իհարկե ոչ , պետք է հանգամանքները նայել»։ Հյուրը շարունակեց․ «Մեկ աղբյուրից գնումները ատկատի հիմնական աղբյուրն է։ Այս կառավարության օրոք գնումների 70 տոկոսն արվել է մեկ աղբյուրից, էլ չեմ ուզում ուրիշ փաստերի մասին խոսել»։ «Էն ժամանակ չի՞ եղել», «Ձեր ասածն ա»։ Հյուրն անընդհատ խնդրում էր իրեն չընդհատել ու լսել։