Հայաստանում տեղակատվական բլոկադա է

Իշխանությունները քաղաքացիներին զրկում են տեղեկատվություն ստանալու իրենց իրավունքից։ Տևական ժամանակ է, ինչ Հայաստանում տեղեկատվական բլոկադա է։ Պետական գերատեսչությունները դադարել են հաշվետու լինել քաղաքացիներին, միևնույն ժամանակ սահմանային իրավիճակն այլևս չի ներկայացվում հանրությանը։

Հայաստանում ու Արցախում տեղի ունեցող իրադարձությունների մեծ մասին հասարակությունը ծանոթանում է կա՛մ ադրբեջանական աղբյուրներից, կա՛մ տելեգրամ ալիքներից։ Իշխանությունները բողոքում են մեդիատեռորից, բայց ազնիվ չեն ու չեն ասում, որ իրենք են իրենց լռությամբ կամ ոչ հավաստի տեղեկատվությամբ մեդիատեռորի հիմք հանդիսանում։

Մինչ այժմ իշխանությունները դեռ չեն ներկայացրել՝ քանի՞ գերեվարված քաղաքացիական անձ և ռազմագերի է գտնվում ադրբեջանական կողմում։ Հակասական նորություններ ենք ստացել Խծաբերդից և այնտեղ գտնվող կամավորականներից։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը պահանջում է գործել ճգնաժամային իրավիճակին համահունչ։ Երբ իշխանությունը թաքցնում ու չի տրամադրում պաշտոնական տեղեկատվություն, նպաստավոր հող է ստեղծում կեղծ տեղեկատվության տարածման համար, ինչն էլ հանգեցնում է խուճապի։ Կոչ ենք անում իշխանությանը դադարեցնել տեղեկատվական բլոկադան։ Այս օրերին իշխանական պատգամավորներից ոմանք իրավիճակի լրջությունը գիտակցելու փոխարեն հեգնել են լրագրողներին, հրաժարվել տեղեկատվություն տալ՝ բաժանելով ցանկալի ու անցանկալի լրատվամիջոցների։