Մանիպուլացնելու նուրբ արվեստը․ Հանրային հեռուստաընկերության լրատվականը չի ներկայացնում վարչապետի հրաժարականի պահանջով շատ ակցիաներ

Հանրային հեռուստաընկերությունը դեկտեմբերի 14-ի լուրերի գլխավոր թողարկմանը չի ներկայացրել Գյումրիում վարչապետի հրաժարականի պահանաջով բողոքի ակցիաները։ Քաղաքացիները փակել էին Գյումրիի կենտրոնական փողոցներից մեկը, այնուհետ մեքենաներով փակել Հաղթանակի փողոցն ու Պուշկին-Շահումյան խաչմերուկը։ Լրատվականը չի ներկայացրել նաև, որ քաղաքացիները փակել էին Վանաձոր-Երևան միջպետական ճանապարհի Ալագյազ-Արթիկ Խաչմերուկը։ Լրատվականը չի անդրադարձել Լոս Անջելեսում Հայաստանի հյուպատոսության մոտ վարչապետի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաներին։ Լրատվականը չի ցուցադրել հանրության շրջանում քննարկումների առիթ դարձած տեսանյութը, որտեղ ադրբեջանցիները տասնյակ մեքենաներով կուտակվել էին Քարվաճառի ու Վայոց Ձորի սահմանամերձ հատվածում։ Լրատվականը չի հայտնել, որ Շուշիի Հին Շեն գյուղը ադրբեջանական շրջափակման մեջ է։ Լրատվականը չի ներկայացրել «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի հանդիպումը մտավորականների ու մշակութային գործիչների հետ։ Լրատվականը չի անդրադարձել Մարտունիում քահանայի վրա հարձակմանը։ Տեր Սիմոնին որոշ մարդիկ թույլ չէին տվել եկեղեցի մտնել, հրել էին, հայհոյել՝ մեղադրելով, որ պահանջում է վարչապետի հրաժարականը։ Հոգևոր դասն ու համայնքապետը հանդես էին եկել կոչերով։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը կրկին կոչ է անում հանրային միջոցներից ֆինանսավորվող հեռուստաընկերությանը ներկայացնել երկրում տեղի ունեցող իրադարձությունների իրական պատկերը։ Նկատում ենք, որ լրատվականը թեև ներկայացնում է 16 կուսակցության հանրահավաքները, սակայն հպանցիկ, փոխարենը ծավալուն ռեպորտաժներ են ներկայացվում, որտեղ հեռավոր գյուղերի քաղաքացիները վարչապետին կոչ են անում հրաժարական չտալ ու վարկաբեկում են Վազգեն Մանուկյանին։