Mediaport-ը հայտնում է՝ մամուլի դեմ արշավ իրականացրած Լիլի Մինասյանին նշանակում են ֆեյքերի ՊՈԱԿ-ի տնօրեն

Համաձայն Mediaport-ի տեղեկությունների՝ «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը, որն ավելի հայտնի է որպես Փաշինյանի ֆեյքերի ՊՈԱԿ, նոր տնօրեն է ունենալու։ Հիշեցնենք, որ Հովհաննես Մովսիսյանի Հ1-ի տնօրենի նշանակվելուց հետո ՊՈԱԿ-ում նրան փոխարինում էր խորհրդական Նժդեհ Հովսեփյանը։

Mediaport-ին հայտնի դարձավ, որ օրերս Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանն ու խոսնակ Մանե Գևորգյանը Հովսեփյանին կանչել են կառավարություն և հրահանգել նոր թափով ակտիվացնել ֆեյքերին ու տեռորի ենթարկել ընդդիմադիր գործիչներին։
Հովսեփյանն ի պատասխան ասել է, որ դա իր գործառույթների մեջ չի մտնում, ինքը վերլուծբան է և հրաժարվել է հրահանգը կատարել, որից հետո նրան ասել են՝ դիմում գրի և գնա։
Իշխանությունները ՊՈԱԿ-ի նոր տնօրեն են նշանակելու ներկայում ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Լիլի Մինասյանին, ով հայտնի է որպես մամուլի և մասնավորապես «Հրապարակ» օրաթերթի դեմ իր մեդիա գրոհներով կամ ինչպես իշխանություններն են սիրում ասել՝ մեդիատեռորով։
Mediaport-ին միաժամանակ հայտնի է դարձել, որ կրճատումների անվան տակ ՊՈԱԿ-ում որոշել են աշխատանքից ազատել բոլոր այն աշխատակիցներին, ովքեր հրաժարվում ֆեյքեր աշխատեցնելուց։