Հանրային հեռուստաընկերությունը վարչապետի հրաժարականի պահանջով ցույցերը ներկայացնում է մակերեսային

Հանրային հեռուստաընկերության դեկտեմբերի 10-ի լուրերի գլխավոր թողարկմանը վարչապետի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաները ներկայացրել են ոչ ամբողջական։ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող մի շարք քաղաքացիներ կառավարության շենքի մոտ էին տարել ֆեյսբուքյան ֆեյք օգտատերերի նկարներով պաստառներ՝ նշելով, որ նրանք են միայն Նիկոլ Փաշինյանի աջակիցները։ Հանրապետության հրապարակից բերման էին ենթարկվել մոտոերթ իրականացնող հասարակական-քաղաքական գործիչ Արման Սաղաթելյանին և ՎԵՏՕ շարժման ղեկավար Նարեկ Մալյանին։ Ոստիկանները լրագրողներին չէին պարզաբանել, թե ինչ հիմքով են բերման ենթարկել ակցիայի մասնակիցներին։ Հանրայինը չի ներկայացրել նաև տեսանյութը, որտեղ ոստիկանը վարորդին ասում է վրաերթի ենթարկել ցուցարարներին։ Վերջինի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել։ Հանրայինը չի տեղեկացրել, որ վարչապետի հրաժարականն են պահանջում ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը, Թումանյան համայնքի ղեկավարը։ Փոխարենը ծավալուն ռեպորտաժ է ներկայացվել Շիրակի մարզի Բենիամին գյուղից, որտեղ գյուղացիները դեմ են վարչապետի հեռացմանը։ Հանրայինը չի անդրադարձել նաև անհետ կորածների հարազատների հերթական ակցիային Էջմիածնի զորամասի դիմաց։ Ծնողները 50 օր է իրենց որդիներից լուր չունեն, մեղադրում են հրամանատարին։ Լրատվականը չի ներկայացրել Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի հարցազրույցը լրատվամիջոցներին։ Իսկ ԱԺ նիստի ռեպորտաժում շրջանցել է որոշ դրվագներ, մասնավորապես, թե ինչու է հետաձգվել Վճռաբեկի նախագահի ու դատավորերների ընտրությունը, Արարատ Միրզոյանը հերքել էր տեղեկությունը, թե դատավորները հրաժարվում են այս ԱԺ-ի կողմից նշանակվել պաշտոնի։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը բազմիցս անդրադարձել և անընդունելի է համարել հանրային միջոցներից ֆինանսավորվող Հանրային հեռուստաընկերության լրատվական բաժնի նման գործելաոճը։ Հանրայինի լրատվականը նման ընտրովի լրատվությամբ միայն հաստատում է այն պնդումները, որ Հայաստանը «Շվեյցարիա» է, և որ Հ1-ի Հայաստանը բոլորովին այլ Հայաստան է։ Կոչ ենք անում լրատվականին սեփական վարկանիշն ու հանրային շահը վեր դասել քաղաքական նախապատվություններից ու դադարեցնել քարոզչամեքենայի իր առաքելությունը։