ԱԺ պատգամավոր Միքայել Զոլյանի ագրեսիվ պահվածքը

Yerevan.today կայքի լրագրող Սյուզի Բադոյանն ԱԺ միջանցքում փորձել է հարց ուղղել Աժ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայլել Զոլյանին, որը հունից դուրս է եկել ու վիրավորել լրագրողին։ Սյուզի Բադոյանն ասում է՝ «Դուք մոռացել եք, որ պատգամավոր եք»։ Միքայլել Զոլյանն ասում է, որ տվյալ լրատվականի լրագրողի հարցերին ինքը չի պատասխանի, բայցի այդ վիրավորում է լրագրողին անձնապես։ Հիշեցնենք, որ օրենսդիրի ներկայացուցիչը նախկինում աշխատել է Երևանի մամուլի ակումբում ու զբաղվել է նաև լրագրողների իրավունքների պաշտպանությամբ։ Սա աննախադեպ է ու առավել ամոթալի։ Լրագրողների մասնագիտական աշխատանքի հանդեպ պատգամավորի վերաբերմունքը պետք է լիներ առավել բարձր, մինչդեռ վերջինս ցուց է տալիս իր ակնհայտ անհանդուրժող վերաբերմունքը։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունն անընդունելի է համարում պատգամավորի վարքը․ վերջինիս լիազորությունների մեջ է մտնում լրագրողների՝ հանրային հնչեղություն ստացած հարցերին,պատասխանելը։ Պատգամավորը կարող է հրաժարվել հարցին պատասխանել, սակայն նման պահվածքով միայն հեղինակազրկում է սեփական անձը։ ԱԺ էթիկայի հանձնաժողովին կոչ ենք անում ընթացք տալ ստեղծված իրավիճակին, պատգամավորի դեմ կիրառել համապատասխան պատժիչ մեխանիզմներ։