Հասարակությունը 44 օրյա պատերազմի ընթացքում ստացել է կեղծ տեղեկատվություն․ Աստղիկ Ավետիսյան

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը զրուցել է հանրային կապերի մասնագետ Աստղիկ Ավետիսյանի հետ։ Կարճ հարցերով փորձել ենք գտնել կարևոր հարցերի պատասխաններ։

Վստահություն։  Ինչպե՞ս իշխանությունը «բռնեց» այն, որ պահից սկսեց ձեռքից բաց թողնել։

Օգտվելով իշխանության թույլ տված սխալներից և հասարակության հետ երկխոսելու, հաղորդակցվելու հնարավորությունից՝ ընդդիմադիր գործիչը համախմբեց հասարակությանը: Երբ համոզիչ է խոսքդ՝ հասարակությունը սկսում է վստահել: Ուսումնասիրված փաստ է, որ հայ հասարակությունը սիրում է լսել քննադատություն, լսել սուր շեշտադրումներ և հենց դա էլ հրապուրեց հասարակության մեծ մասին՝ գնալ ընդդիմադիր գործչի հետևից: Երբ տեղի ունեցան խորհրդարանական արտահերթ ընտրությունները, հասարակության կիրթ հատվածն արդեն հասկացավ, որ քարոզարշավում հնչած բազմաթիվ ելույթների դրույթները կյանքի չկոչվեցին, տեղի չունեցավ խոսքից գործի անցնելու գործընթաց: Երբ հաղորդված տեղեկատվությունը և իրականացվող գործողությունները հակասում են միմյանց, ձևավորվում է անվստահություն:

Հետադարձ կապ։  Լայվերը հաճախակի չեն, մամուլի քարտուղարները «կորել» են։ Հետևանքները։

Իշխանափոխության ժամանակահատվածում հանրային կապերի բոլոր գործիքներն ու տեխնոլոգիաները կիրառվեցին, հետադարձ կապն ապահովված էր, սակայն արդեն իշխանություն ստանձնած կառավարությունը թույլ տրվեց հաղորդակցական բազմաթիվ սխալներ, որոնք հանգեցրին նրան, որ գերատեսչական կառույցների մեծ մասն  աշխատում է առանց ռազմավարական հաղորդակցության մշակման, լրատվամիջոցների համար ստեղծվեցին տեղեկատվության ստացման խոչընդոտներ, սև ցուցակներում հայտնվեցին ընդդիմադիր լրատվամիջոցները: Վարչապետը և պաշտոնյաների մեծ մասը ֆեյսբուքյան ուղիղ եթերները դարձրեցին պաշտոնական տեղեկատվություն տարածելու գործիք, բայց քանի որ դրանք անպատրաստ, առանց մշակման, առանց արդյունավետության չափման ելույթներ էին, դրանց նկատմամբ մարդկանց հետաքրքրությունն արագ մարեց: Նույնիսկ արտասահմանյան այցերից մեկի ժամանակ, երբ լրատվամիջոցը մամուլի քարտուղարներից մեկից  փորձել էր հետաքրքրվել նախարարի այցելության նպատակի մասին, մամուլի քարտուղարը պատասխանել էր, որ մի քիչ սպասեք շուտով նախարարն իր ֆեյսբուքյան էջում կհարապարակի: Սա զավեշտի հասնող իրավիճակ էր, քանի որ մամուլի քարտուղարների մեծ մասը մասնագիտական գիտելիքների և հմտությունների կրող չէ, բնականաբար, խորհրդատվական այդ ինստիտուտի մասին խոսելն անիմաստ է: Բացառիկ մասնագետներ կան, որոնք իրենց գործն իրականացնում են հավուր պատշաճի, դա էլ մեծամասամբ կախված է ղեկավարի կրթվածությունից և հանրային կապերը կարևորելու հանգամանքից:

Ճիշտ ու սուտ լուրեր։ Ինչպե՞ս տարբերել, երբ պաշտոնական լուրերն անգամ կեղծիք դուրս եկան։

Հասարակությունը հայտնվել է անելանելի վիճակում: Կեղծ տեղեկատվության տարածումը մեծ չափերի է հասել, սոցիալական ցանցերում կեղծ օգտատերերը փոխել են տեղեկատվություն ստանալու տրամաբանությունը: Այն մարդիկ, որոնք մեդիագրագետ չեն խճճվում են կեղծ տեղեկատվության հորձանուտում և ակամայից սկսում են տարածել ապատեղեկատվությունը:

Մեդիագրագիտություն։ Մասնագետ չկա։ Ինչպե՞ս կրթել։

Մեդիագրագիտությունն առաջին դասարանից սկսած պետք է դառնա հիմնական առարկա՝ համապատասխանեցնելով տարիքային պահանջներին: Մասնագետները շատ են, պարզապես պետական քաղաքականություն չկա, համակարգվածություն չկա: Կրթական քաղաքականություն իրականացնող մարմինների համար գերնպատակ պետք է լինի նորագույն տեխնոլոգիաների հնարավորության օգտագործմամբ՝ յուրաքանչյուր ժամանակահատվածի համար, հասարակության պահանջմունքին համապատասխան ձևավորել կրթական այնպիսի համակարգ, որը կապահովի գրագետ քաղաքացի, մեդիագրագետ հասարակություն ձևավորելու համար:

Ճգնաժամ։ Առաջնային քայլերը։

Ճգնաժամերն առաջանում են այն ժամանակ, երբ բացակայում է հաղորդակցությունը, երբ չեն կանխատեսվում ընտանիքին, ոլորտին, պետությանը, երկրին սպառնացող վտանգները: Ճգնաժամերն առաջանում են, երբ չենք ունենում ռազմավարություն, մարտավարություն, երբ նույնիսկ բնական աղետների պայմաններում պատրաստված չենք լինում, էլ ուր մնաց պատերազմի: Այսօր Հայաստանում առկա է ռազմական, քաղաքական, սոցիալական, տնտեսական, կրթական ճգնաժամ, այս պարագայում նախատեսվում է իշխանության հրաժարական միայն նրա համար, որ պետությունը չէր պատրաստվել, չէր կանխատեսել հնարավոր սպառանլիքը, երբ հասարակությունը 44 օրյա պատերազմի ընթացքում ստացել է կեղծ տեղեկատվություն, երբ ունեցել ենք բազմաթիվ զոհեր, երբ ունենք բազմաթիվ անհայտ կորածներ և ռազմագերիներ: Կառավարության հրաժարականից հետո ժամանակավոր կառավարությունը պետք է նախապատրաստի արտահերթ ընտրությունների ժամանակացույց, քաղաքական կառույցները պետք է ծրագրային մրցակցության մեջ լինեն: Հասարակությանը պետք է կրթել, քաղաքական ինստիտուտների նկատմամբ վերաբերմունք ձևավորել և վերացնել անհատապաշտության այս շքերթը: Մենք ունենք բազմաթիվ խնդիրներ, որոնք պետք է լուծեն ոլորտի պրոֆեսիոնալները, մասնագիտական բարձր որակ ունեցողները: