Հանրային հեռուստաընկերությունը չի անդրադարձել վարչապետի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաներին, ասուլիսներին ու կրթության նախարարության շուրջ հերթական սկանդալին

Հանրային հեռուստաընկերությունը դեկտեմբերի 4-ի լուրերի գլխավոր թողարկմանը չի անդրադարձել կառավարության շենքի առջև վարչապետի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաներին։ Չի անդրադարձել «Սիսական» գնդի հրամանատար Աշոտ Մինասյանի մամուլի ասուլիսին։ Վերջինը հայտարարել էր, որ Նիկոլ Փաշինյանը ոչ սթափ վիճակում հրաման է տվել գրավել Լելե Թեփեն։ Աշոտ Միանսյանն ասել էր, որ ապացույցներ ունի, բացի այդ մենամարտի էր հրավիրել Նիկոլ Փաշինյանին։ Լրատվականը չի անդրադարձել նաև Արցախյան պատերազմի մասնակից Ժիրայր Սեֆիլյանի ասուլիսին։ Նա հայտարարել էր, որ դավաճանությունը եղել է քաղաքական ղեկավարության կողմից, և պատերազմը կարելի էր ավարտել այլ ելքով՝ պահելով Շուշին։ Լրատվականը նի ներկայացրել կրթության նախարարության նոր բարեփոխումների շուրջ բարձրացած աղուկը։ ԵՊՀ հայոց լեզվի ամբիոնը դատապարտել է մայրենին արժեզրկելու փորձերը։ Անընդունելի են համարել ընդունելության քննություններին Հայոց լեզու և գրականություն առարկան բուհերի կամ դիմորդի ընտրությանը թողնելը։ Առաջարկվում է ռեկտորին այսուհետ ընտրել ոչ թե ԲՈՒՀ-ում, այլ նշանակել նախարարության կողմից։ ԵՊՀ դեկանները պահանջել են ԱԺ-ից հրատապ հետ կանչել օրենքի նախագիծը։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունն անընդունելի է համարում Հանրային հեռուստաընկերության գործելաոճը, հանրային միջոցներից ֆինանսավորվող հեռուստաընկերությունը պարտավոր է ներկայացնել հանրային հնչեղություն ստացած կարևոր իրադարձությունները։ Հատկապես վերջին շրջանում լրատվականը շրջանցում է մի շարք թեմաներ, որոնք, ըստ էության, կարող են վնասել իշխանություններին։