Հանրայինը չի անդրադարձել մի շարք թեմաների

Հանրային հեռուստաընկերության նոյեմբերի 2-ի լուրերի գլխավոր թողարկմանը շրջանցվել են մի շարք թեմաներ։ Չի ներկայացվել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը ԱԱԾ-ի տեսանյութին, որտեղ ներկայացվում էր, որ անկարգություններին մասնակցել են նաև Քոչարյանի աջակիցները։ Հանրայինը չի ներկայացրել նաև Իջևանում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիան, որտեղ ոստիկանների ու քաղաքացիների միջև քաշքշուք էր սկսվել, ակցիայի մասնակիցներից ոմանց բերման էին ենթարկել։ Բողոքի ակցիաներ էին տեղի ունեցել նաև «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վահագն Հովակիմյանի ու Վահագն Թևոսյանի տների բակերում։ Իշխանական պատգամավորներին մեղադրում են վարչապետին աջակցելու համար, պահանջում հեռանալ։ Չի ներկայացվել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի հայտարարությունը, որում մտահոգություն էին հայտնել «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության նկարահանող խմբի հանդեպ ոստիկանության կողմից իրականացված գործողությունների առնչությամբ։ Կոչով էին հանդես եկել նաև լրագրողական մի շարք կազմակերպություններ՝ պահանջելով դեպքի առնչությամբ ծառայողական քննություն նախաձեռնել, որը նույնպես չի ներկայացվել։ Հիշեցնենք, ոստիկանները հարձակվել էին օպերատորի վրա, կոտրվել էր տեսախցիկը։

«Մեդիա պաշտպանը» նախաձեռնությունը կրկին արձանագրում է, որ հանրային միջոցներից ֆինանսավորվող հեռուստաընկերությունը շրջանցում է հանրային հնչեղություն ստացած թեմաները։ Իրադարձությունները ներկայացվում են միակողմանի ու ոչ ամբողջական, ինչի հետևանքով աղավաղվում է իրական պատկերը։ Հանրային հեռուստաընկերությունը պարտավոր է սպասարկել հանրային շահը, մինչդեռ գործում է որպես իշխանական քարոզչամեքենա։