5-րդ ալիք ՀԸ շահել է ոստիկանության դեմ դատական գործը

5-րդ ալիք հեռուստաընկերությունը շահել է ոստիկանության դեմ դատական գործը՝ կապված կարանտինի ժամանակ եթերում դիմակ չկրելու հետ։ «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը ողջունում է դատարանի որոշումը և շնորհավորում է հեռուստաընկերության անձնակազմին հաղթանակի առթիվ։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը զրուցել է հեռուստաընկերության տնօրենի հետ։  Հարություն Հարությունյանը նշեց, որ առաջին հերթին սա սկզբունքային և պատվի հարց էր։ Իր խոսքում տնօրենը մանրամասնեց, որ ոստիկանների հեռուստաընկերություն այցից հետո, նա իրենց իսկ ներկայությամբ չափել է զրուցավարի և հյուրի միջև ընկած հեռավորությունը, որը կազմել է 2 մետր 80 սանտիմնետր, որն արդեն բավարար էր։ Այնուհետև Հարություն Հարությունյանին հրավիրել են ոստիկանություն․ «Ես ասացի, որ մինչև վերջ գնալու եմ, պետք լինի դիմելու եմ Եվրադատարան»։ Հարությունյանը խորհուրդ է տվել ոստիկանությանն ուսումնասիրել միջազգային փորձը, չկա մեկ օրինակ, որ սոցիալական հեռավորությունը պահելիս հեռուստաընկերությունը տուգանվել է։

Ըստ Հարություն Հարությունյանի՝ ոստիկանությունն ուղղորդված է գնացել իրենց հեռուստաընկերություն և փորձել ճնշումներ կիրառել․ «Հարցը տուգանքով նախատեսված 100 000 դրամը չէր, խնդիրը բարոյական հարթության մեջ է և պետք էր հաղթել ու համոզված էի, որ այնուամենայնիվ այս գործում հաղթանակը մեր կողմն է լինելու, ինքս չեմ մասնակցել դատական նիստերին, մեր փաստաբանն է եղել դատարանում»։