Հանրայինի եթերում Արման Բաբաջանյանը պարտության ողջ մեղքը բարդեց նախկինների վրա

Հանրային հեռուստաընկերության եթերում նոյեմբերի 19-ին Պետրոս Ղազարյանի հյուրը անկախ պատգամավոր, «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանն էր։ Զրույցը սկսվեց Հայաստանի ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետի պաշտոնից ազատված Մովսես Հակոբյանին ուղղված մեղադրանքներով։ Արման Բաբաջանյանն ասաց․ «Ո՞վ չգիտի, թե ով է Մովսես Հակոբյանը, թե ի՞նչ թալանով է նա զբաղված եղել։ Մովսես Հակոբյանի Հայաստանում դիզած ունեցվածքի ծագումը պետք է ուսումնասիրվի։ Նրա այսօրվա հայտարարությունները գրոշի արժեք չունեն»։ Պետրոս Ղազարյանը նշեց․  «Թալանել ա չի թալանել, թող ժամանակին բռնեին, ոչ թե պաշտոն տային։ Մարդու ունեցվածքի մասին հիշում են էն ժամանակ, երբ որ ինքը մեղադրանք ա ասում, դա նշանակում ա՝ այլ արգումենտեներ չկան»։ Այնուհետ Պետրոս Ղազարյանը հարցրեց․ «16 կուսակցություն ասում ա, որ Փաշինյանը պետք է հեռանա, դա, ըստ էության, նշանակում է սահմանադրական ճանապարհով արտահերթ խորհրդարանական ընտրություններ, ինչի՞ չեք միանում»։ Բաբաջանյանը պատասխանեց․ «Իմ կողմից մերժված են Հրապարակում կանգնած քաղաքական ուժերը, որովհետև ես տեսնում եմ իրենց կողմից գործադրված մասնակցությունը այս պարտության մեջ։ Հանրային այն տրամադրությունները, որոնք սերմանվել են ողջ պատերազմի ընթացքում նրանց պատկանող մեդիայի և նրանց շատ մոտ գտնվող ռազմական գործիչների կողմից իրենց ազդեցությունն են թողել»։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը կոչ է անում մեդիայի նախկին ղեկավարին չվարկաբեկել գործընկերներին, պարտության մեջ նախկինների մեդիաներին մեղադրելուց առաջ պատգամավորը նախ պետք է խոսի պատերազմի օրերին տարածվող պաշտոնական, ՊՆ լրատվական ներկայացուցչի կողմից ներկայացվող տեղեկատվության մասին։ Ինչ վերաբերում է մեղադրանքներին, դա իշխանությունների որդեգրած արատավոր ոճն է, երբ անապացույց բոլորին մեղադրում են թալանի մեջ։