Հանրային հեռուստաընկերությունը ներկայացնում է «մոնտաժված» իրականություն

Հանրային հեռուստաընկերության նոյեմբերի 17-ի լուրերի թողարկումներում իշխանական պատգամավորի խոսքը ներկայացվել է մասնակի, չի ներկայացվել այն դրվագը, որը հանրության շրջանում քննարկումների առիթ դարձավ ու ներկայացվեց գրեթե բոլոր լրատվականներով։ Մասնավորապես, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը հեգնել է  նախագահ Արմեն Սարգսյանին՝ նշելով․ «Արմեն Սարգսյանը բոլորս էլ գիտենք, որ կորոնավիրուսից վախենում է,  որ մարդ է ընդունում 50 մետր հեռու է նստում, որ հանկարծ չվարակվի, այսօր խոսում է  արտահերթ ընտրությունից։ Չի կարելի այս պայմաններում դրանից խոսել»։

Փոխարենը լրատվականը ներկայացրել է պատգամավորի խոսքից հետևյալը․ «Բազմաթիվ քաղաքացիներ սկսեցին գրել, որ խնդրում ենք վարչապետը հրաժարական չտա։ Մենք երկիրը Ռոբին, Սերժին, նախկին թալանչիներին թողնելու չունենք»։ Ավելի վաղ անդրադարձել էինք, որ նույն ելույթի ժամանակ պատգամավորը, անդրադառնալով իր 1500 դոլար արժողությամբ շապիկի հարցին, հեգնել էր լրագրողին՝ ասելով․ «Պատրաստ եմ 100 դոլարի դիմաց այդ մայկան տամ քեզ»։ Հանրային հեռուստաընկերությունը, բնականաբար, չի ներկայացրել նաև այս դրվագը։

Բազմիցս կոչ ենք արել հանրային միջոցներով սնվող լրատվամիջոցին ծառայել հանրային շահին, նեկայացնել իրադարձությունների իրական պատկերը, մինչդեռ հանրայինի լրատվականն ամեն օր դիմում է մանիպուլյացիաների, եթե անգամ ներկայացվում են հանարահավաքներն ու ցույցերը, դրանց տրամադրվում է շատ քիչ եթերաժամանակ։ Օրինակ՝ նոյեմբերի 16-ի լուրերի թողարկումներում ընդդիմադիր պատգամավոր Անի Սամսոնյանի խոսքից ներկայացվել է 20 վայրկյան, մինչդեռ վարչապետի ծավալուն հարցազրույցն իր մամուլի խոսնակին եթեր է հեռարձակվել բոլոր թողարկումներում, հիմնականում ամբողջությամբ։