Հայկ Սարգսյանը շարունակում է ոչ կոռեկտ պահվածք դրսևորել լրագրողների նկատմամբ

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը շարունակում է ոչ կոռեկտ պահվածք դրսևորել լրագրողների նկատմամբ։

Աժ ճեպազրույցի ժամանակ Հայկ Սարգսյանը Կենտրոն հեռուստաընկերության լրագրող Վաչիկ Գրիգորյանի հարցին ի պատասխան՝ ասել է. «Դու Կենտրոն ԹՎ-ից էիր չէ՞, դե սպասի հեսա քո հարցին կպատասխանեմ»: Լրագրողն ուղղում է, որ քո չի` Ձեր է։ Հայկ Սարգսյանը շարունակում է. «հանգիստ պահի քեզ»:

Նախ, Հայկ Սարգսյանը տարբերակում է մտցնում լրատվականների միջև, ինչպես և իր գործընկերները` լրատվականները բաժանելով յուրայինների և ոչ յուրայինների։ Նման պահվածքն անթույլատրելի է։

Երկրորդ` Աժ պատգամավորը, երևի մոռացել էր, որ ինքն ԱԺ պատգամավոր է և նման ոչ կոռեկտ պահվածքի իրավունք չունի, դա էլ այն դեպքում, որ լրագրողն իր մասնագիտական աշխատանքն էր կատարում։

«Մեդիա պաշտպան»նախաձեռնությունը հորդորում է Հայկ Սարգսյանին կարդալ Էթիկայի մասին կանոնակարգը և պատկերացում կազմել, թե ինչպես իրեն պետք է դրսևորի պատգամավորը։ Խոսքի ազատության դեմ նման պահվածքը դատապարտելի է։ Կոչ ենք անում աշխատանքները շարունակել փոխգործակցության ու հարգանքի մթնոլորտում: