Մենք շարունակելու են դիմել Բելգիայի կառավարությանը՝ Արցախի անկախությունը ճանաչելու հարցով․ Էլլեն Սամին

Հարցազրույց բելգիացի պատգամավոր Էլլեն Սամինի հետ

1․ Սեպտեմբերի 27֊ի վաղ առավոտյան Ադրբեջանը պատերազմական գործողություններ սկսեց Լեռնային Ղարաբաղի (Արցախի Հանրապետություն) նկատմամբ։ Թիրախավորվել և ռմբակոծվում է խաղաղ բնակչությունը, մինչդեռ միջազգային կառույցները հիմնականում լուռ են կամ երկու կողմերի միջև հավասարության նշան են դնում։ Ձեր կածիքով ո՞րն է նման գործողությունների պատճառը։

Միջազգային հանրությունը, իհարկե, պետք է քայլեր ձեռնարկի՝ տնտեսական պատժամիջոցներ կիրառելով Ադրբեջանի և Թուրքիայի դեմ: Ինչ վերաբերում է Թուրքիային, Եվրամիության մակարդակում, պետք է վերջնականապես վերջ դնել Թուրքիայի՝ ԵՄ հնարավոր մուտքի վերաբերյալ բանակցություններին և միջազգային մակարդակով բարձրացնել ՆԱՏՕ-ին Թուրքիայի անդամակցության հարցը: Աստիճանաբար ավելի է դժվարանում խոսել ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի մասին՝ իբրև հավատարիմ դաշնակցի:

2․ Ադրբեջանական կողմի գործողությունների արդյունքում վիրավորվել են լրագրողներ, այն դեպքում, որ լրագրողները տարբերանշաններով են, և հստակ երևում է, որ լրագրողական աշխատանք է իրականացվում։ Ի՞նչ եք կարծում լրագրողները միտումնավոր են թիրախավորվում, որպեսզի խուսափեն Արցախ այցելելուց ու ճմարտությունը բացահայտելուց։

Հայտնի է, որ անկախ լրագրողներն ու բլոգերները, որոնք ընդդիմադիր են կամ «կռվում» են (փոխաբերական իմաստով) համակարգի դեմ, բանտարկվում են անհեթեթ հիմքերով, այնպես որ, այո, կարծում եմ, որ Ադրբեջանը միտումնավոր է թիրախավորում լրագրողներին:

3․ Ադրբեջանում գոյություն ունի «սև ցուցակ», որում հայտնվում են Արցախ այցելած մարդիկ։ Դուք ի՞նչ կարծիք ունեք այդ ցուցակի մասին։

Դա ապշեցուցիչ է և հակասում է մարդու իրավունքներին:

4․ Ադրբեջանական կողմը փակել է ընդդիմադիր կայքերն ու հասանելիությունը սոցիալական ցանցերին։ Նմանօրինակ խոսքի ազատության սահմանափակումներն ի վերջո Եվրոպական կառույցների կողմից պե՞տք է արժանանան կոշտ գնահատականի։

«Ֆլամանդական շահ» (Vlaams Belang) կուսակցությունն ափսոսում է, որ Արցախը տարիներ շարունակ հայտնվել է ռազմական գործողությունների թիրախում և մտահոգված է վերջին շաբաթների ընթացքում հակամարտության անհամաչափ սրմամբ: Ասել է թե՝ բնավ զարմանալի չէ, որ Ադրբեջանում սահմանափակվում են ազատ լրատվամիջոցներն ու խոսքի ազատությունը․ մի երկիր, որը մեղմ ասած ժողովրդավարական ավանդույթ չունի:

Բաքուն փորձում է արդիականացնել ադրբեջանական պատումը, որում Հայաստանը ներկայացվում է որպես «ներխուժող» և ցանկացած ռազմական հարձակման մեջ մեղավոր կողմ: Այդ պատումը քարոզչական պատերազմի ավանդական, բայց ոչ հավաստի մի մասն է:

Կարծում եմ, որ Եվրոպական ինստիտուտը/Միությունը պետք է քայլեր ձեռնարկի։

5․ Ինչպես արդեն ապացուցվել է, այս կոնֆլիկտում ներգրավված է նաև Թուրքիան։ Արդյոք Թուրքիայի նան ագրեսիվ պահվածքը չի՞ մտահոգում Եվրոպային։

Մենք տեսնում ենք, որ Թուրքիան ևս մեկ անգամ խախտում է միջազգային իրավունքի բոլոր կանոնները: Այն ակնհայտ կերպով ի ցույց է դնում նեոօսմանյան հավակնությունները, և Էրդողանի ագրեսիվությունը գնալով վերաճում է ռազմական գործողությունների:

Վերջին ամիսներին Թուրքիայի միջամտությունն էինք տեսնում սիրիական-քրդական տարածքներում, մասնավորապես ՝ զանգվածային զենք մատակարարելով և ռազմական խորհրդականներ և ջիհադիստներ ուղարկելով: Վերջիններս շատ չեն տարբերվում «Դաեշի» հրոսակներից, որոնք արդեն աչքի են ընկել թալանի, բռնաբարության և մահապատժի իրականացման դեպքերով:

Ցավոք, այժմ հերթը հայերինն է: Այս հակամարտությունն, իհարկե, ունի աշխարհաքաղաքական, բայց նաև քաղաքակրթական հարթություն. հստակ թիրախավորված է Հայաստանի քրիստոնեական ինքնությունը:

Էրդողանի միջամտությունները, ամենայն հավանականությամբ, «կրակի են մատնելու» ողջ տարածաշրջանը և առաջացնելու են փախստականների նոր ալիքներ, որոնք հետագայում սպառնալու են Եվրոպային:

6․ Բելգիան ընդունել է Հայոց Ցեղասպանության փաստը։ Ի՞նչ եք կարծում, արդյոք Բելգիան պատրաստվո՞ւմ է ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը։

Անցյալ շաբաթ ես արտաքին գործերի նախարարին բանավոր հարց եմ ներկայացրել Արցախի Հանրապետության անկախության ճանաչման վերաբերյալ: Հանձնաժողովն այն կքննարկի առաջիկա շաբաթներից մեկում: Ես նախարարին ուղղել եմ հետևյալ հարցը. Շատ կարևոր միջազգային ազդանշան կլինի Արցախի Հանրապետության պաշտոնական ճանաչումը: Արդյոք Բելգիայի կառավարությունն առաջամարտիկ դեր կխաղա՞ դրանում և կընդգրկի այն միջազգային օրակարգում:

Ես կարող եմ խոսել իմ կուսակցության՝ «Ֆլամանդական շահ»-ի անունից. այս հարցը, անշուշտ, պետք է ընդգրկվի միջազգային օրակարգում, և մենք շարունակելու են դիմել Բելգիայի կառավարությանը՝ Արցախի անկախությունը ճանաչելու հարցով: