Քաղաքացիական անձինք երբեք չպետք է թիրախավորվեն․ Էդ Ռամ

Հարցազրույց անկախ լրագրող Էդ Ռամի հետ։ Լրագրողը 7 տարի աշխատել է BBC-ում, իսկ այժմ թղթակցում է բրիտանական տարբեր թերթերի:

-Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների սանձազերծումից հետո, միջազգային շատ լրագրողներ մեկնեցին առաջնագիծ՝ հարձակումը լուսաբանելու համար: Հենց նրանց շնորհիվ է, որ ճշմարտությունը հասանելի է դառնում հանրությանը: Դուք ինքներդ այցելել եք առաջնագիծ, կպատմե՞ք տեղի ունեցածի մասին։

— Առաջին բանը, որ ես այնտեղ տեսա, գնդակոծվող քաղաքն էր, և թե ինչպես են քաղաքացիական անձինք զոհվում: Դա ակնհայտորեն քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորում է: Ես չգիտեմ, թե որքանով ճշգրիտ են ադրբեջանական զենքերը, սակայն դրանք հարվածում են քաղաքացիական ենթակառուցվածքներին, քաղաքացիական բնակավայրերին, սպանում են խաղաղ բնակիչների, քաղաքներն ու ավանները ամայանում են, կյանքը փոխվում է Ստեփանակերտում և Շուշիում, ինչպես նաև Մարտունիում, որը ևս բավականին դատարկվել  է: Ես տեսել եմ պատերազմը շատ միակողմանի, ես Լեռնային Ղարաբաղում հայ զինվորականների հետ եմ եղել, տեսել եմ մի կողմից, բայց կարծում եմ, որ շատ ավելին է կատարվում, քան մենք տեսնում ենք:

-Դուք նշեցիք ադրբեջանական զենքի ճշգրտության մասին: Շատ լրագրողներ վիրավորվել են իրենց մասնագիտական պարտականությունները կատարելիս, չնայած այն հանգամանքին, որ նրանք ունեցել են հատուկ տարբերանշաններ: Օրինակ, ռուս լրագրողներից Յուրի Կոտենոկը վիրավորվել է Շուշիի եկեղեցում: Ի՞նչ եք կարծում, նրանք միտումնավոր են թիրախավորո՞ւմ լրագրողներին:

-Ես վստահ չեմ արդյոք նրանք միտումնավոր են թիրախավորում լրագրողներին, թե՝ ոչ: Այո, որոշ զենքեր հատուկ թիրախային հարված հասցնելու համար են: Լրագրողների` հակամարտությունները լուսաբանելու իրավունքը պետք է հարգվի ազգերի կողմից:

— Ադրբեջանում կա մի հայտնի «սև ցուցակ», որում կարելի է գտնել բոլոր այն մարդկանց, որոնք այցելել են Արցախ․ օրինակ՝ Ջորջ Քլունին, Մոնսերատ Կաբալյեն, որն, ի դեպ, համերգ է ունեցել Ստեփանակերտում, ինչպես նաև բազմաթիվ լրագրողներ: Դուք անկախ լրագրող եք, որն այցելել է Արցախ, գուցե դուք էլ պատահաբար հայտնվեք այդ սև ցուցակում:

-Ես այդ «սև ցուցակի» մասին շատ բան չգիտեմ: Կարծում եմ ՝ լրագրողներին պետք է թույլ տրվի կատարել իրենց գործը: Ոչինչ չպետք է խանգարի նրանց կատարել իրենց աշխատանքը և ներկայացնել կոնֆլիկտային իրավիճակը:

— Ադրբեջանական կողմը հերքում է, որ գնդակոծել և թիրախավորել են ոչ ռազմական օբյեկտները: Որպես պրոֆեսիոնալ լրագրող՝ ինչպե՞ս պետք է գործեք աշխարհին ապացուցելու համար, որ դուք իրավացի եք և հենց Ադրբեջանն է կեղծում իրականությունը:

— Ամբողջ աշխարհում է այդպես: Կարծում եմ ՝ դա այն է, ինչի մասին լրագրողները պետք է տեղեկացված լինեն: Լրագրողները պետք է համոզվեն, որ իրենց կատարած աշխատանքն արդար է, չտրվեն այն մարդկանց փորձերին, որոնք փորձում են կասկածի տակ դնել ռեպորտաժի իսկությունը: Ես գիտեմ, որ ես տեսել եմ հակամարտության մի կողմը, պատերազմը տեսել եմ հայկական կողմից, նրանց (խմբ․՝ հայկական կողմին) խոցում են արկերը, ինչը ողբերգական է: Քաղաքացիական անձինք երբեք չպետք է թիրախավորվեն: Հակամարտության արդյունքում երկու կողմերից էլ զոհվում խաղաղ բնակիչներ, ինչը սխալ է: Ես գիտեմ, որ դա պատերազմի բնույթն է, բայց կարծում եմ, որ իրական ողբերգություն կլինի, եթե այս ամենը շարունակվի. խաղաղ լուծում է հարկավոր, երկու կողմերն էլ պետք է նստեն բանակցային սեղանի շուրջ, հավատարիմ մնան հրադադարին և զինադադարին, հանգեն այն եզրակացությանը, որ մարդկանց սպանելը երբեք լուծում չէ: