Ղարաբաղյան հակամարտության լուսաբանման ընդհանուր պատկերը ռուսական ԶԼՄ-ներում` հոկտեմբերի 27-ից 28-ը

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հոկտեմբերի 27-ից 28-ը հետևել է ռուսական 5 առաջատար լրատվամիջոցների հրապարակումներին՝ պարզելու, թե ինչպես է ռուսական մեդիան լուսաբանել Ադրբեջանի կողմից սանձազերծած գործողությունները։ Մասնավորապես, մշտադիտարկվել են «Լենտա ռու», «Գազետա ռու», «Ռիա Նովոստի», «Ռեգնում», և «ՏԱՍՍ» կայքերը։

«Լենտա ռու»-ն հրապարակվել է 30 հոդված, 15-ը՝ ադրբեջանական կողմի հրապարակումներ են, 8-ը՝ հայկական կողմինը, 7-ը՝ տարբեր երկրների և կառույցների կոչեր, հայտարարություններ, ինչպես նաև՝ պետպաշոնյաների և մասնագետների մեկնաբանություններ։ 7 նյութից 5-ը՝ չեզոք, 1-ը՝ հայամետ, 1-ը՝ ադրբեջանամետ։

«Գազետա ռու»-ն հրապարակել է 34 հոդված, 7-ը՝ ադրբեջանական կողմի հրապարակումներն են, 13-ը՝ հայկական կողմինը, 14-ը՝ տարբեր երկրների և կառույցների կոչեր, հայտարարություններ, ինչպես նաև՝ պետպաշոնյաների և մասնագետների մեկնաբանություններ։ 14 նյութից 11-ը՝ չեզոք, 2-ը՝ հայամետ, 1-ը՝ ադրբեջանամետ։

«Ռիա Նովոստի»-ն հրապարակել է 68 հոդված, 15-ը՝ ադրբեջանական կողմի հրապարակումներն են, 33-ը՝ հայկական կողմինը, 20-ը՝ տարբեր երկրների և կառույցների կոչեր, հայտարարություններ, ինչպես նաև պետպաշոնյաների և մասնագետների մեկնաբանություններ։ 20 նյութից 16-ը՝ չեզոք, 0՝ հայամետ, 4-ը՝ ադրբեջանամետ։

«ՏԱՍՍ»-ը հրապարակել է 43 հոդված, 15-ը՝ ադրբեջանական կողմի հրապարակումներն են, 13-ը՝ հայկական կողմինը, 15-ը՝ տարբեր երկրների և կառույցների կոչեր, հայտարարություններ, ինչպես նաև պետպաշոնյաների և մասնագետների մեկնաբանություններ։ 15 նյութից 14-ը՝ չեզոք, 0՝ հայամետ, 1-ը՝ ադրբեջանամետ։

«Ռեգնում»-ը հրապարակել է 64 հոդված, 14-ը՝ ադրբեջանական կողմի հրապարակումներն են, 21-ը՝ հայկական կողմինը, 29-ը՝ տարբեր երկրների և կառույցների կոչեր, հայտարարություններ, ինչպես նաև պետպաշտոնյաների և մասնագետների մեկնաբանություններ։ 29 նյութից 22-ը՝ չեզոք, 5-ը՝ հայամետ, 2-ը՝ ադրբեջանամետ։

Ռուսական մամուլը կրկին անդրադարձել է Թուրքիայի՝ Ղարաբաղյան հակամարտության ներգրավվածությանը։ Ինչպես  նշում է Մարդու իրավունքների մոնիթորինգի սիրիական կենտրոնը (SOHR), Թուրքիան գրոհայինների հավաքագրման խնդիր ունի, քանի որ վարձկանների մեծ մասը հրաժարվում է մեկնել Լեռնային Ղարաբաղ, ինչը պայմանավորված է երկու գործոններով ՝ մահվան մեծ հավանականությամբ, ինչպես նաեւ այն հանգամանքով, որ ադրբեջանցիները սուննիներ չեն, այլ շիաներ։

ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունից լրատվամիջոցներին հայտնել են, որ ռուսական կողմը Թուրքիայի հետ բանակցություններում հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում պատերազմի մեջ օտարերկրյա զինյալների ներգրավումն անթույլատրելի է։

Ինչպես հաղորդում է ռուսական մեդիան, Ալթայի հասարակական գործիչ, Իրական քաղաքականության դպրոցի հիմնադիր Կոնստանտին Եմեշին նշել է, որ Հայաստանի քաղաքացիների ցեղասպանության թեման կրկին ակտուալ է։