Որոշել է 30 օրով կասեցնել «Հայելու առաջ» հաղորդման հեռարձակումը

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշել է 30 օրով կասեցնել «Հայելու առաջ» հաղորդման հեռարձակումը։ Հանձնաժողովը հայտարարության մեջ մասնավորապես նշել է, որ «ՌԱԴԻՈ 107 ՖՄ» ՍՊ և «ԱՐՄՆՅՈՒԶ» ՓԲ ընկերությունների նկատմամբ վարչական վարույթ հարուցելու հիմք է հանդիսացել ընկերությունների կողմից եթեր հեռարձակվող «Հայելու առաջ» հաղորդման ժամանակ հնչեցրած թիրախավորված արտահայտություններ: «Նշված հաղորդման հեռարձակումը փաստում է երկու հեռարձակողների կանխամտածված թշնամանք, կեղծիք, ատելություն սերմանելու խմբագրական քաղաքականության մասին»: Հանձնաժողովը վարչական տույժ է՝ գրավոր նախազգուշացում  է կիարռել նաև «ԴԱՐ-21» հեռուստաընկերության նկատմամբ․ «հեռարձակողի կողմից հեղինակային իրավունքի խախտում կատարելու համար՝ առանց նախապես իրավատիրոջ թույլտվության ձեռքբերման ցուցադրվել են մի շարք ֆիլմեր»:

«Մեդիա պաշտպան» նախաձեռնության հետ զրույցում Անժելա Թովմասյանը որոշումը անհեթեթություն անվանեց․ «Էս խառը ժամանակներում, օգտվելով իրավիճակից, թիրախավորել են մեզ։ Հաղորդումը եթեր է հեռարձակվել ռազմական դրությունից մոտ տասը օր առաջ, Արմնյուզ ռադիո FM կայանով կրկնություն է գնացել։ Ռազմական դրության պահանջները չեն խախտվել, տարօրինակը հենց դա է, որ հաղորդման թեման եղել է կորանավիրուսը, մասնագետները ներկայացրել են խնդիրները, քննադատել իշխանության քաղաքականությունը։ ՀՌՀ-ն կարող էր համապատասխան մարմիններին դիմեր, ստուգեին՝ արդյոք ինֆորմացիան համապատասխանում է իրականությանը։ Ի վերջո, պատասխանատու մարդիկ են խոսել այդ մասին և մյուս կողմից՝ բա լրատվամիջոցի դերակատարումը ո՞րն է՝ էս կամ էն հիմնախնդրի մասին բարձրաձայնել։ Պարզ է դառնում, որ ակնհատ միտում կա և թիրախավորված կոնկրետ իմ անձի, հաղորդման դեմ։ Իշխանության ձեռքը խառն է, Տիգրան Հակոբյանը կատարող է։ Սա առաջին դեպքը չէ, դեռ ամիսներ առաջ կառչում էին այս կամ այն բառից, զգուշացումներ, տուգանքներ եղան, պատճառը իշխանության հասցեին հնչող տարբեր քաղաքական գործիչների քննադատական խոսքն էր»։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունն անթույլատրելի է համարում պատերազմական այս օրերին ներքին լարում ստեղծելու ցանկացած փորձ։ ՀՌՀ-ի կողմից նման որոշումները պետք է լինեն խիստ հիմնավոր։ Պատերազմական դրությունից օգտվելու, անձնական հաշիվներ մաքրելու քայլերն անընդունելի ու դատապարտելի են։ Եթե անգամ կան հիմնավոր պատճառներ, դրանք պետք է հետաձգվեն մինչև իրավիճակի կայունացում։