«Մեդիա պաշտպան»-ը հորդորում է պատերազմական այս օրերին ներքին լարում չստեղծել

Հանրային հեռուստաընկերության լրատվական բաժնի խմբագիր Լևոն Սարդարյանը լրատվամիջոցներից ակնկալում է կոռեկտություն, մինչդեռ ինքն է ոչ կոռեկտ ու իրար հակասող գրառումներ անում ֆեյսբուքում՝ խուճապ տարածելով հանրության շրջանում։  Լևոն Սարդարյանը երեկ ուշ երեկոյան ֆեյսբուքում գրառում էր արել․ «Ես պահանջում եմ Քաջարանի և Մեղրիի քաղաքապետերին դատել ռազմական դրությանը համապատասան ողջ խստությամբ։ Արա, դուք անասո՞ւն եք»։ Այնուհետ նա ևս մեկ գրառում էր արել՝ խնդրելով ու պահանջելով խուճապի չմատնվել՝ նշելով, որ Մեղրիի ու Քաջարանի քաղաքապետերը մի փոքր «ոգևորվել» են։ «Որոշ լրատվամիջոցներից ակնկալում եմ գոնե մի քիչ կոռեկտություն։ Մի քիչ մարդ եղեք։ էս երկիրը մի քիչ էլ ձերն ա»,- գրել էր Լևոն Սարդարյանը։

Ըստ էության, Լևոն Սարդարյանի առաջին գրառումն ինքնին խուճապի տեղիք է տալիս, բացի այդ, հանրային միջոցներից ֆինանսավորվող հեռուստաընկերության լրատվական բաժնի պատասխանատուն նախևառաջ պետք է կոռեկտ լինի իր ձևակերպումներում, հետո կոռեկտություն ակնկալի լրատվամիջոցներից։ Ռազամական դրությանը հղում անող լրատվականի ներկայացուցիչը հենց ինքն է խախտում ռազմական դրության պահանջները։ Հիշեցնենք, «Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և պաշտոնատար անձանց` ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովմանը և պետական անվտանգության ապահովմանն առնչվող գործողությունները (այդ թվում` ելույթները, հրապարակումները) քննադատող, հերքող, դրանց արդյունավետությունը կասկածի տակ դնող կամ որևէ այլ կերպ արժեզրկող հաղորդումների հրապարակումն արգելվում է»:

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը կոչ է անում առանց այդ էլ լարված օրերին ավելորդ լարվածություն չստեղծել, հանդուրժող լինել։ Տարաձայնությունների ու միմյանց վիրավորելու ժամանակը չէ։ Բոլորն ունեն կարծիք արտահայտելու իրավունք, հասկանալի է, որ նյարդերը կարող են տեղի տալ, բայց հանրության առջև հանրայինի ներկայացուցիչների խոսքն ու գործն առավել պատասխանատու ու կշռադատված պետք է լինեն։ Հանրային հեռուստաընկերության ներկայացուցիչները պարտավոր են ճշգրտել տեղեկատվություն տարածել ու համաձայնեցված աշխատել պետական մարմինների հետ։ Ֆեյսբուքյան ստատուսով, վիրավորանքով դժգոհություն արտահայտելն անարդյունավետ է, այն միայն խուճապի ու ավելորդ լարվածության տեղիք կարող է տալ։  Խնդրում և պահանջում ենք պատերազմական այս օրերին ներքին լարում չստեղծել։ Ոստիկանությունը սովորաբար նման դեպքերին ուշադիր է լինում, երբ դրանք լինում են ոչ իշխանական կառույցների ներկայացուցիչներ։