Ազատության վերնագրերում արտացոլվում են ադրբեջանական թեզեր

Պատերազմական օրերին, երբ գրեթե բոլոր լրատվամիջոցները համախմբվել են և աշխատում են մեկ միասնական սկզբունքով, Ազատություն ռադիոկայանի կողմից տարածվում են հոդվածներ, որոնց վերնագրերն անընդունելի են հանրության կողմից։ Դրանք արտացոլում են ադրբեջանական կողմի կարծիքը, ավելին՝ ադրբեջանական թեզերը դառնում են Ազատության հոդվածների վերնագրեր։ Որպես օրինակ՝ նշենք հոկտեմբերի 13-ին տարածված հոդվածը, որը վերնագրված էր․ «Բաքուն պնդում է, թե պահպանում է հրադադարը»։ Ազատությունը տարածում է նաև ադրբեջանական պաշտոնական հաղորդագրությունները, որոնք հերքվում են, կեղծ են։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը կոչ է անում Ազատություն ռադիոկայանին առավել ուշադիր լինել վերնագրերն ընտրելիս։ Ադրբեջանական պաշտոնական հաղոդագրությունները չպետք է տարածել ու լուրջ վերաբերել դրանց։ Այս իրավիճակում ցանկացած անզգույշ քայլ կարող է օգտագործվել մեր դեմ ու ստվերել մյուս բոլոր լրատվամիջոցների համախմբված աշխատանքի արդյունքը։  Պատերազամական իրավիճակը, ռազմական դրությունը  նոր սկզբունքներ են թելադրում։ Այս օրերին միայն թիմային մտածելակերպն ու համախմբված աշխատանքը կարող են ապահովել մեր հաջողությունը տեղեկատվական դաշտում։