Ղարաբաղյան հակամարտության լուսաբանման ընդհանուր պատկերը արտասահմանյան առաջատար ԶԼՄ-ներում` հոկտեմբերի 15-ին

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հոկտեմբերի 15-ին հետևել է արտասահմանյան 5 առաջատար լրատվամիջոցի հրապարակումներին՝ պարզելու, թե ինչպես է արտասահմանյան մեդիան լուսաբանել Ադրբեջանի կողմից սանձազերծած գործողությունները։ Մասնավորապես, մշտադիտարկվել են «BBC», «CNN», «Reuters», «Associated Press» (AP) և «Deutsche Welle» (DW) լրատվական գործակալությունների կայքերը։

BBC, CNN և Deutsche Welle լրատվական գործակալությունները նշված ժամանակահատվածում իրենց հրապարակումներում չեն անդրադարձել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը։

Reuters լրատվական գործակալությունը նշված ժամանակահատվածում հրապարակել է 5 հոդված։ Լրատվամիջոցը հրապարակել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հայտարարությունը, որում նա քննադատել է Թուրքիայի ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: Լրատվականն անդրադարձել է ՀՀ վարչապետ Փաշինյանի` ռուսական «Ռիա Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցին, որում ՀՀ վարչապետը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հարցի լուծումը պետք է ընդունելի լինի բոլորի համար։ Գործակալությունը հրապարակել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթը։

Associated Press լրատվական գործակալությունը նշված ժամանակահատվածում հրապարակել է 2 հոդված։ Գործակալությունն իր ծավալուն հոդվածում նշել է, որ Հայաստանում և Ադրբեջանում լարվածությունն աճում է նոր հարձակումների մասին հայտարարությունների ֆոնին։ Լրատվամիջոցի մյուս հրապարակումը պատմում է արցախցի կամավորների մասին, որոնք պատրաստվում են միանալ հայրենիքի պաշտպանությանը։