«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը դադարեցնում է ռազմական դրության ժամանակ գրաքննության խախտողներին հայտնաբերելու գործունեությունը

Օրեր առաջ Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրության ռեժիմի պայմաններում մտցվեցին փոփոխություններ, որով արգելվում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և պաշտոնատար անձանց` ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովմանը և պետական անվտանգության ապահովմանն առնչվող գործողությունները։
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունն այդ առթիվ ձեռնամուխ եղավ արգելքը խախտողներին հայտնաբերել ու այդ մասին պատկան մարմիններին տեղեկացնելու գործին։ Մենք նկատել ենք բազմաթիվ հրապարակումներ, որում պետական պաշտոն չզբաղեցնող անձանց հայտարարություններում անհասցե կամ անհիմն մեղադրանքներ են հնչեցվում դավաճանության վերաբերյալ՝ սերմանելով պառակտում։ Նշվել են կոնկրետ լրատվամիջոցներ՝ «Հայկական ժամանակ», «1in.am», կոնկրետ անձինք՝ ԱԺ նախկին պատգամավոր Աշոտ Աղաբաբյան, «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյան, եւ այլն։
Մեր բաց դիմումը ՀՀ Ոստիկանությանն անհետեւանք է մնացել։ Փոխարենը, ըստ երեույթին, Ոստիկանությունն ինքն է ստեղծել «ֆեյսբուք» ստորաբաժանումը, որը մոնիթորինգ է անում այս սոցիալական ցանցը, գտնում է իրենց համար անհաճո օգտատերերի՝ հիմնականում ընդդիմադիրների, որոնք, ըստ իրենց մեկնաբանության, խախտում են «Ռազմական դրության մասին» օրենքի գրաքննության լրացումը, եւ ուղարկում է համապատասխան ոստիկաններին առանձին օգտատերերին լռեցնելու համար։
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հայտարարում է, որ դադարեցնում է ռազմական դրության ժամանակ գրաքննության խախտողներին հայտնաբերելու գործունեությունը, քանի որ ՀՀ ոստիկանությունն անուշադրության է մատնում իրավախախտներին հայտնաբերելուն ուղղված հասարակական նախաձեռնությունների աշխատանքները, եւ գործում է ելնելով ոչ թե անվտանգության նկատառումներից, այլ իր քաղաքական նախընտրություններից։

Աղասի Ենոքյան
«Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար