Ռազմական դրությունը չպետք է դառնա խոսքի և մամուլի ազատության դեմ ճնշումների առիթ

Այսօր 24 լրատվամիջոցի կողմից հայտարարություն է տարածվել՝ ԶԼՄ-ների աշխատանքի վերջին սահմանափակումների կապակցությամբ։ Հայտարարությանը միացել է նաև «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը։ Լրատվամիջոցների ղեկավարները հիմնավորել են, որ այդ սահմանափակումները չեն բխում հանրային շահից և հակասում են օրենսդրությանը, ինչպես նաև կոչ են արել վերացնել այդ սահմանափակումները։

Այս հայտարարությունից հետո, ոստիկանությունն այցելել է «168 ժամ»-ի խմբագրություն, որի խմբագիրը Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանն է, պահանջել են հայտարարությունը հեռացնել կայքից, խմբագիրը հրաժարվել է`առաջարկելով գրավոր իրեն ծանուցել այդ մասին։ Տեղում արձանագրություն են կազմել, որ խմբագիրը հրաժարվում է եւ պահանջել է գրավոր ծանուցագիր։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունն այս ամենը համարում է խոսքի ազատության դեմ ուղղված քայլ:

Ռազմական դրությունը և պատերազմը չպետք է հարվածեն խոսքի ազատությանը: Հակառակը` այս օրերին առավել համախմբված պետք է լինենք խոսքով և գործով, իսկ ոստիկանությունը պետք է զերծ մնա նման քայլերից: