Ղարաբաղյան հակամարտության լուսաբանման ընդհանուր պատկերը արտասահմանյան առաջատար ԶԼՄ-ներում` սեպտեմբերի 27-ից 30-ը

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը սեպտեմբերի 27-ից 30-ը հետևել է արտասահմանյան 5 առաջատար լրատվամիջոցների հրապարակումներին՝ պարզելու, թե ինչպես է արտասահմանյան մեդիան լուսաբանել Ադրբեջանի կողմից սանձազերծած գործողությունները։ Մասնավորապես, մշտադիտարկվել են «BBC», «CNN», «Reuters», «Associated Press» (AP) և «Deutsche Welle» (DW) լրատվական գործակալությունների պաշտոնական կայքերը։

BBC լրատվական գործակալությունը նշված ժամանակահատվածում հրապարակել է 11 հոդված։ BBC ի առաջին ծավալուն անդրադարձը՝ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի առաջին օրն է հրապարակվել։ «Հայաստանն ու Ադրբեջանը պայքարում են վիճահարույց Լեռնային Ղարաբաղի համար» վերտառությամբ հոդվածում ծավալուն անդրադարձ է կատարված հակամարտությանը՝ ներկայացված են հակամարտող կողմերի տեսակետները։

CNN լրատվական գործակալությունը նշված ժամանակահատվածում հրապարակել է 2 ծավալուն հոդված, որոնք վերլուծական բնույթի են։ Վերլուծականներում մտահոգություն է հայտնված այն մասին, որ հակամարտությունը կարող է դուրս գալ տարածաշրջանի սահմաններից։

Reuters լրատվական գործակալությունը Արցախյան հակամարտությունն ամենաակտիվ լուսաբանած միջազգային լրատվականներից է։ Այն նշված ժամանակահատվածում հրապարակել է 6 տասնյակ հոդված։ Առաջին հոդվածը վերաբերում է Հայաստանում ռազմական դրություն հայտարարելուն։ Reuters-ն ակտիվորեն հրապարակել է հակամարտող կողմերի հրապարակումները, ինչպես նաև տարբեր երկրների և կառույցների կոչերը, հայտարարությունները։

Associated Press լրատվական գործակալությունը նշված ժամանակահատվածում հրապարակել է 7 հոդված։ Վերլուծական բնույթի հոդվածները հիմնականում ներկայացնում են հակամարտության պատմությունը։ Հոդվածներից մեկում, մասնավորապես, ներկայացված է հակամարտության միայն ադրբեջանական թեզը։

Deutsche Welle լրատվական գործակալությունը նշված ժամանակահատվածում հրապարակել է 6 հոդված, որոնք հիմնականում համակողմանի են ներկայացնում իրադարձությունները, սակայն որոշ հոդվածներում կարելի է հանդիպել այնպիսի արտահայտությունների, որոնք ևս ադրբեջանական թեզի դրսևորումներ են։ Ուշադրության է արժանի լրատվամիջոցի հոդվածն այն մասին, որ սիրիացի վարձկանները, ըստ էության, պահպանում են Թուրքիայի արտաքին քաղաքականությունը։