«Дождь» ՀԸ-ն ավելի շատ եթերաժամանակ է տրամադրում ադրբեջանցի բանախոսներին

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը կոչ է անում տեղական լրատվականներին զգուշությամբ ընտրել հարցազրույցների բանախոսներին, քանի այս օրերին ցանկացած անզգույշ խոսք կարող է անդառնալի հետևանքներ ունենալ պատերազմական վիճակում գտնվող Արցախի ու Հայաստանի համար։ Բանախոսների հնչեցրած տեղեկությունները վերստուգել, աղբյուրները հստակեցնել։

Այս օրերին որոշ չափով ադրբեջանամետ դիրքորոշում է հայտնում «Дождь» ռուսական հեռուստաընկերությունը։ Պատերազմական գործողությունների մի քանի օրերի ընթացքում հեռուստաընկերությունը հիմնականում չեզոք էր, բայց մի քանի օր է հեռուստաընկերության հարցազրույցներում ու լուրերում ավելի շատ եթերաժամանակ է տրամադրվում ադրբեջանցի բանախոսներին։

Հեռուստաընկերությանը պատկանող օնլայն հարթակում գործող https://tvrain.ru/ կայքում տեղ է գտել ադրբեջանցի գեներալ Հուսեյն Մախմուդովի խոսքը, որը մեղադրել է Հայաստանին սադրանքի և ադրբեջանական բնակավայրերը ռմբակոծելու մեջ։  Այս հարցազրույցին ի պատասխան՝ կայքում չի տեղադրվել հայկական կողմից որևէ մեկի հարցազրույցը։  Հիշեցնենք, որ ավելի ուշ ապացուցվեց, որ ադրբեջանական կողմի տարածած հրթիռի լուսանկարը, թե արկը մխրճվել է ասֆալտի մեջ, կեղծ էր, և Մինգեչաուր ռմբակոծություն տեղի չէր ունեցել։

Ի դեպ, հիշեցնենք, որ հենց այս հեռուստաընկերության ներկայացուցիչն էր Ստեփանակերտում ընկել ռմբակոծության տակ։

Միջազգային լրատվականներում էլ իրավիճակը միանշանակ չէ։ Լրատվականներն օգտագործում են «օկուպացված» և «Ադրբեջանի տարածքային ամբողջականություն» տերմինները։ Կոչ ենք անում լրատվականներին բնորոշումներ և գնահատականներ չհնչեցնել, նեկայացնել երկու կողմի տեսակետները՝ հիմնվելով փաստերի վրա։