Ռուսական «Ժամանակը ցույց կտա» հաղորդման թեման Արցախյան հիմնախնդիրն էր

Ռուսասատանի Առաջին ալիքի եթերում սեպտեմբերի 30-ին «Ժամանակը ցույց կտա» հաղորդման թեման Արցախում ու Հայաստանում տեղի ունեցող իրավիճակն էր։ Հաղորդավարները հիմնականում չեզոք էին, նրանցից մեկը նշեց․ «Երբ կանայք, երեխաներն ու ծերերը թաքնված են նկուղներում, նրանք դադարում են լինել հայ, ադրբեջանցի կամ մեկ այլ ազգի ներկայացուցիչ, նրանք խաղաղ բնակիչներ են, որոնց սպանում են։ Մենք ասում ենք՝ սա պետք է դադարեցնել»։

Հյուրերի թվում էր աշխարհաքաղաքական խնդիրների ակադեմիայի նախագահության անդամ Արայիկ Ստեփանյանը, որը հիշեցրեց պատմությունը, ընդգծեց Թուրքիայի անմիջական միջամտությունը։

Այնուհետ ուղիղ տեսակապով միացան Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտերկրյա ԶԼՄ-ների հետ աշխատանքների բաժնի ղեկավար Ֆուադ Ախունդովին, որը հերքեց, որ թուրքական Ֆ-16-ը խոցել է հայկական Սու-25-ը՝ տարածվող կադրերն անավանելով ֆեյք, ասաց, որ իրենք չունեն Ֆ-16-եր, որ հայերը պատմությունը կեղծում են։ Թե ինչու են հարձակվել հարցին պատասխանեց, որ իբր հայերն են կրակ բացել Ադրբեջանի խաղաղ բնակիչների վրա և իրենք «սադրանքին» պատասխանել են նման կերպ։

Հաղորդավարը նշեց, որ ներգրավվել են օտարերկրյա վարձկաններ։ Բաքվի ներկայացուցիչը պատասխանեց, թե իրենց բնակչությունը 10 միլիոն է, Հայաստանի բնակչությունը 2 միլիոն, իրենց ինչին են պետք վարձկաններ։ Հաղորդավարը հակադարձեց՝ որպեսզի միգուցե չկորցնեք ձեր զինծառայողներին, ես, ուղղակի հարցնում եմ։ Հաղորդավարի հարցին, թե որքան են տևելու ռազմական գործողությունները, Ֆուադ Ախունդովը պատասխանեց, որ չգիտի, սակայն Ադրբեջանի ժողովուրդը պահանջում է գնալ մինչև վերջ։

Քաղաքագետ Ալեքսանդր Բորոդայը հիշեցրեց պատմությունը՝ նշելով, որ ադրբեջանական բանակի մարտական ոգին միշտ էլ ցածր եղել, որ առանց Թուրքիայի հովանավորության Ադրբեջանը առաջ չի գնա ու միջազգային հանրությունը սլաքները պետք է ուղղի Թուրքիայի վրա։

Ի պատասխան քաղաքագետ Անդրեյ Նիկուլինի ոչ կոմպետենտ վերլուծություններին՝ հաղորդավարը նկատողություն արեց հյուրին՝ խորհուրդ տալով չփորձել ավելի խելացի երևալ, քանի որ այդպես հիմարի կարգավիճակում է հայտնվում։ Նա հավելեց, կան թեմաներ, որոնք քննարկելուց առաջ, դեռ պետք է գրքեր կարդա։