Ղարաբաղյան հակամարտության լուսաբանման ընդհանուր պատկերը ռուսական ԶԼՄ-ներում` սեպտեմբերի 27-ից 29-ը

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը սեպտեմբերի 27-ից 29-ը հետևել է ռուսական 10-ը առաջատար լրատվամիջոցների հրապարակումներին՝ պարզելու, թե ինչպես ռուսական մեդիան լուսաբանել Ադրբեջանի կողմից սանձազերծած գործողությունները։ Մասնավորապես, մշտադիտարկվել են «Լենտա ռու», «ՌԻԱ Նովոստի», «ՌԲԿ», «Կոմսոմոլսկայա պրավդա», «Գազետա ռու», «Russia Today», «Կոմերսանտ», «Ռեգնում», «Վզգլյադ» և «ՏԱՍՍ» կայքերը։

Հարկ է նշել, որ սեպտեմբերի 27-ին՝ ադրբեջանական զորքերի նախահարձակ լինելուց հետո, վերոնշյալ գրեթե բոլոր ԶԼՄ-ները սկսել են լուսաբանել ադրբեջանական կողմի պաշտոնական տեղեկատվությունը, որի համաձայն Հայաստանն առաջինն է կրակ արձակել: Որոշ ժամանակ անց ռուսական լրատվադաշտում հայտնվեցին նաև հայկական կողմի հայտարարությունները։
Վերոնշյալ ժամանակահատվածում ռուսական մեդիադաշտն ակտիվորեն լուսաբանել է իրադարձությունները՝ հրապարակելով երկու կողմերի պաշտոնական հաղորդագրությունները, հերքումները, պետական և միջազգային կառույցների հայտարարություններն ու կոչերը, ինչպես նաև պետպաշտոնյաների և փորձագետների կարծիքներ և վերլուծություններ։

10 լրատվականից 7-ը պահպանել է չեզոքություն, մինչդեռ մյուս 3 լրատվամիջոցները մշտադիտարկելիս նկատվել է որոշակի կողմնապահություն։

Մասնավորապես «Գազետա ռու»-ն է աչքի է ընկել Ադրբեջանին աջակցող դիրքորոշմամբ։ «Ինչով են կռվում. ինչ զենք ունեն Երեւանն ու Բաքուն» հոդվածում համեմատում են Հայաստանի եւ Ադրբեջանի ռազմական հզորությունը։ Հոդվածն ուղղված է ադրբեջանական կողմի ռազմական ուժի գովաբանմանը, ինչը հստակ երևում է այնպիսի արտահայտություններով, ինչպիսիք են «Հայաստանը հետ է մնում իր մրցակցից ռազմական տեխնիկայի հարցում», «Պարտվում է Հայաստանը նաև իր զինված ուժերի թվով, «Ադրբեջանի ԶՈՒ անօդաչուները անխոս ուժեղ են և ավելի քան հաջող ցուցադրել են իրենց մարտերում»։

Խմբագրության ևս մեկ ադրբեջանամետ հոդված՝ «Երևանի սադրանքները ձախողվել են»։

«Կոմսոմոլսկայա պրավդա» թերթի նյութերը կարելի է դասել չեզոք, դրական և բացասական բովանդակության՝ կախված հոդվածների հեղինակներից։

Օրինակ՝ հեղինակներից մեկը կասկածի տակ է դնում կողմերի հայտարարությունների ճշմարտացիությունը՝ համարելով դրանք ուռճացված։

Հոդվածներից մեկում հեղինակ Դմիտրի Սմիրնովը ոչ օբյեկտիվորեն մեկնաբանել է Կրեմլի պաշտոնական հայտարարությունը՝ ներկայացնելով այն իր տեսանկյունից․ «Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կիրակի երեկոյան արեց այն, ինչ պետք էր անել դեռ առավոտյան, երբ Ղարաբաղում նոր էին սկսվել ռազմական գործողությունները։ Նա զանգահարել է Վլադիմիր Պուտինին ՝ «ավագ ընկերոջ» հետ իրավիճակը քննարկելու համար»։ Ի դեպ, հոդվածը վերնագրված է հետևյալ կերպ՝ «Փաշինյանը զանգահարել է Պուտինին պատերազմը կանգնեցնելու խնդրանքով»։

«Կոմերսանտ»-ի խմբագրությունն առաջին հայացքից թվում է չեզոք և օբյեկտիվ, սակայն տվյալ լրատվամիջոցն իր կողմնակալ վերաբերմունքն է արտահայտում Հայաստանի նկատմամբ ոչ ակնհայտորեն։ Օրինակ, «Աշխարհը բարիշեցնում է, Ղարաբաղը՝ կռվում» հոդվածում, ներկայացնելով Հայաստանի պաշտոնական տեղեկատվությունը, լրատվականը հրապարակում է ադրբեջանական կողմի ներկայացուցիչների հերքումը, որն արտահայտել են հենց «Կոմերսանտ»-ի հետ զրույցում կամ՝ ի պատասխան հարցմանը/հարցին: Այսպիսով, տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանի պաշտոնական տեղեկատվության «ստուգումից» հետո «բացահայտվեց այդ տեղեկությունների իրականությանը չհամապատասխանելը»։

Պարբերաբար եռալեզու ֆորմատով ներկայացնելու ենք ռուսական մեդիայի արձագանքը այս թեմայի շրջանակներում։