ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը հրատապ թարմացնում է տեղեկատվությունն իր ֆեյսբուքյան էջում

ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք`
ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը հայտարարեց, որ ադրբեջանական զորքերը ժամը 07:10-ին հարձակման են անցել շփման գծի ամբողջ երկարությամբ։ Ադրբեջանական զորքերի՝ մի քանի ուղղությամբ հարձակումները հետ են մղվել։ Հակառակորդը կրել է մարդկային և տեխնիկայի կորուստներ, մասնավորապես՝ երեք տանկ: Հայկական կողմը խոցել է հակառակորդի երկու ուղղաթիռ և երեք ԱԹՍ:
Ադրբեջանի ՊՆ-ն պաշտոնապես հայտարարել է «հակահարձակում» սկսելու մասին, ինչը փաստում է, որ գործողությունները վաղուց պլանավորված են եղել։ Տարրական գիտելիք ունեցող ցանկացած զինվորական կփաստի, որ հակահարձակման օպերացիայի պլանավորումը շաբաթներ է տևում։ Էսկալացիայի մասին պաշտոնական հաղորդագրությունից րոպեներ անց էլ ադրբեջանական և թուրքական լրատվամիջոցներն առաջնագծից նյութեր են հրապարակում, ինչը ևս փաստում է, որ Ադրբեջանի ձեռնարկած սադրանքը նախապես ծրագրված էր։
Հակառակորդը Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում: Ամբողջ պատասխանատվությունը Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա է:
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ: Նախարարը ներկայացրել է սահմանին տիրող իրավիճակը և տեղեկացրել, որ Ադրբեջանը սանձազերծել է հերթական սադրանքը:
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը կրկին կոչ է անում հետևել պաշտոնական աղբյուրներին, զգոն լինել, այս պահին ցանկացած անզգույշ խոսք կարող է ունենալ անդառնալի հետևանքներ: