Հայկ Մարությանի մասին դիտարկվել են բազմաթիվ բացասական հոդվածներ

2020թ-ի սեպտեմբերի 11-ից 20-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի անձին ու գործունեությանն առնչվող նյութերին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։

Նշված ժամանակահատվածում դիտարկվել է 265 հոդված, որոնցից 63-ը եղել է բացասական, 2-ը՝ դրական, 200-ը՝ չեզոք։

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի մասին դիտարկվել են բազմաթիվ բացասական հոդվածներ։

Բանաստեղծ Համո Սահյանի որդին՝ Նաիրի Սահյանը, 2018 թվականի իրադարձություններից հետո հեղափոխություն էր ակնկալում նաև մշակույթի ոլորտում, սակայն, ըստ նրա, ինչպես բոլոր ոլորտներում, այնպես էլ մշակույթում հեղափոխություն տեղի չունեցավ․ «Ինձ համար հա՛մ ծիծաղելի է, հա՛մ լացս է գալիս, որ Համո Սահյանի արձանի ճակատագիրը պետք է որոշեն Հայկ Մարությանն ու Արայիկ Հարությունյանը։ Մի՞թե նրանք պետք է որոշեն այդ հսկայի արձանի ճակատագիրը, սա ցավալի է»։

Շուրջ 15 տարի կառավարությունից իրենց տներն են պահանջում Երևանի Կենտրոն վարչական շրջանի Եկմալյան փողոցի բնակիչները: Վերջերս կրկին դիմել են Երևանի քաղաքապետարան, սակայն պատասխանը, մեղմ ասած, չի  գոհացրել: Բնակիչները քաղաքապետարանից էլ ոչինչ չեն պահանջում, քանի որ, ըստ  նրանց,  քաղաքապետ Հայկ Մարությանին ընդհանրապես չի հետաքրքրում այս խնդիրը, ավելին, երբ Արթուր Մեսչյանը զբաղեցնում էր Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնը, նրա հետ քննարկումներ են ունեցել, որին նաև տարածքով հետաքրքրված ներդրողներն են մասնակցել, սակայն Մարությանը չի էլ ցանկացել տեսնել, թե ինչ նախագծեր են առաջարկվել․ «Տասնյակ գծագրեր գծվեց, Մեսչյանը վերցնում բարձրանում էր Հայկ Մարությանի մոտ, Հայկ Մարությանը ոչ թե մերժում էր, այլ շպրտում էր»:

Ըստ մամուլի՝ 2018-ից ոչինչ չի փոխվել մերձվորներին աշխատանքի տեղավորելու հարցում։ Մարությանի ընկերներ Աշոտ Մելոյանն ու Հովհաննես Գրիգորյանը, որոնք Մարությանի հետ միասին նկարահանվում էին «Կարգին հաղորդման» մեջ, դեռևս նախորդ տարի աշխատանքի են անցել «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ում։

Ըստ հրապարակումների՝ Հայկ Մարությանն արգելում էր հրապարակել պարգևավճարների չափը, իսկ ավագանու անդամը պարտադրված կլինի հայտարարագրել իր ծախսերն ու եկամուտը․ սա ողջամիտ չէ։

Հրապարակումը պատրաստվել է «Հայրենիք» զարգացման հիմնադրամի աջակցությամբ