Գագիկ Ծառուկյանի մասին դիտարկվել են և՛ դրական, և՛ բացասական հոդվածներ

2020 թ-ի սեպտեմբերի 11-ից 20-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի անձին ու գործունեությանն առնչվող նյութերին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։

Նշված ժամանակահատվածում դիտարկվել է 498 հոդված, որոնցից 85-ը եղել է բացասական, 90-ը՝ դրական, 323-ը՝ չեզոք։

Գագիկ Ծառուկյանի մասին դիտարկվել են և՛ դրական, և՛ բացասական հոդվածներ։ Դրական հոդվածները գերակշռում են։

ՀՀ առողջապահության փոխնախարար Արտյոմ Սմբատյանն անդրադարձել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի այն հայտարարությանը, թե կորոնավիրուսային հիվանդության բժշկական օգնության ծախսերը շատ մեծ բեռ են հանդիսանում մեր քաղաքացիների համար․ «Զարմանալի է այն փաստը, որ Գագիկ Ծառուկյանը հենց ինքըն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, որի շրջանակներում ստացել է հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն, որի համար չի իրականացրել որևէ վճարում»։

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն, անդրադառնալով Գագիկ ծառուկյանին ուղղված վերոնշյալ պատասխանին, ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Փոխնախարարը փաստորեն բան ու գործը թողած՝ ոստիկանի օպերատիվությամբ անդրադարձել է Աջափնյակում Գագիկ Ծառուկյանի երեկ ունեցած ելույթին (լավ կլիներ, որ առողջապահության նախարարության ղեկավարությունը նման օպերատիվությամբ պայքարեր կորոնավիրուսի դեմ՝ սապոնը ձեռքին Նիկոլի դռանը հերթ կանգնելու փոխարեն)»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն, օրերս անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի գրառմանը, հեգնել է, ասելով․ «Գագիկ Ծառուկյանը գրել գիտի՞»։ Այս արտահայտությունից հետո հասարաքաղաքական գործիչներ և Ֆեյսբուքյան օգտատերեր քննադատեցին Նիկոլ Փաշինյանին՝ սատարելով Գագիկ Ծառուկյաին և նշելով, որ քաղաքական բանավեճը չի կարելի իջեցնել փողոցային մակարդակի։ Նիկոլ Փաշինյանին ի պատասխան՝ ֆեյսբուքում դրվում էին կոալիցիոն համաձայնագրի նկարները, որոնցում կարելի է տեսնել Նիկոլ Փաշինյանին ու Գագիկ Ծառուկյանին։ Նրանք հարցադրում են արել․ «ՔՊ-ն կոալիցիոն համաձայնագիր կնքելուց էլ էր այդ կարծիքի՞ն»։

Լրագրողների հետ զրույցում ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանը, խոսելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ հայտարարության մասին, թե նա գրել գիտի՞, ասաց, որ չի ցանկանում անհեթեթ հայտարարություններ մեկնաբանել. «Ցավոք, մենք տեսնում ենք, որ վարչապետը, իշխանություններն առարկայական պատասխան այն խնդիրներին, որնք հնչեցրել է պարոն Ծառուկյանը: Այսօր տեսնում ենք այն, ինչ տեսնում ենք՝ քաղաքական դիսկուրսը վերածվել է անհեթեթության»:

Ըստ մամուլի հրապարակումների՝ «ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը մարզային այցելությունների շրջանակում այցելել է Արարատի մարզի Վեդի քաղաք: Ծառուկյանը հերթական անգամ քննադատել է իշխանություններին, նրանց մեղադրել տնտեսական, սոցիալական, կրթական քաղաքականությունը տապալելու, երկիրը կառավարելու անընդունակության մեջ: Սակայն այդպես էլ չի կարողացել հստակ նշել, թե ինչ ճանապարհով է պատրաստվում ինքը պայքարել այդ իշխանության դեմ, կամ երբ է, ի վերջո, իրականացնելու իր կողմից հնչեցված հանրահավաքի գաղափարը»։

Գագիկ Ծառուկյանի հասցեին մի շարք քննադատություններ են հնչեցրել «Իմ Քայլ»-ը դաշինքի մի քանի պատգամավորներ ևս։

ՀՀ Ազգային Ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ես միամտաբար կարծում էի, որ մարդիկ ովքեր զբաղեցնում են բարձր պաշտոններ, պետք է ունենան նվազագույնը՝ մի փոքր տրամաբանելու տարրական ունակություն, բայց արի ու տես, որ օրինակ ԿԳՄՍ նախարար Հարությունյանին դա չի վերաբերվում։ Փոխանակ սուս ու փուս, գլուխը կախ հրաժարական տա ու աղոթի իր «աստվածներին» որ մարդիկ իրեն շուտ մոռանան, նա կրկին փորձել է իր անպարկեշտությունը և ներքին կոմպլեքսները դուրս բերել, կարճ ասած փորձել է անդրադառնալ կրկին Գագիկ Ծառուկյանին»։

Հրապարակումը պատրաստվել է «Հայրենիք» զարգացման հիմնադրամի աջակցությամբ